
Այս խոսքերը ուղիղ մեկ դար առաջ մեծ հանճարի` Թումանյանի արտասանած կանխատեսումներն են, ինչի վկայությունն ու ճշմարտացիությունն են ապացուցում Չինաստանում տեղի ունեցող Արևելքի ժողովուրդների համերաշխությունն ու երեք հսկաների` Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի եռամիասնության կայացումը։ Միություն` ուղղված անգլոսաքսոնական գլոբալիզմի դեմ, չարիքի ու անաստվածության, շահագործման կեղծավորության ու երկակի ստանդարտների դեմ։ Ամենևին ոչ պատահականորեն 1921թ. է Արևմուտքից հիասթափված Թումանյանը հայացքն ուղղում դեպի Արևելք` իր խոսքերով ասած. «դեպ Արևելքն Աստվածային, հայրենիքը իմ հոգու», հայ ժողովրդի ու մարդկության փրկությունը տեսնելով Արևելքում։ Հավանաբար Թումանյանը հայացքն ուղղեց դեպի Արևելք, այն պատճառով, որովհետև արևն Արևելքից է ծագում, Արևելքում է մարդկության բնօրրանը` ազգերի կյանքի հիմքը։ Չէ՞ որ Արևելքում կարևոր արժեքը հոգու հարստությունն է, սերն է, անկեղծությունն է, ընտանիքն է, ազգային սովորույթներն են, խաղաղությունն է, անշահախնդրությունն է, իմաստությունն է, համբերատարությունն է, հավատքն է, Արևելքեւմ է գտնվում դրախտը, Արևելքում են ծնվել Քրիստոսն ու քրիստոնեական արժեքները։ Արևելքում մարդկանց սրտերում աստվածային սեր կա, սրբություններ կան, պատկառանք կա Աստծո, ազգային ու պետական խորհրդանիշների, տարեցների, ուսուցիչների, ծնողների, թագավորների, նկատմամբ, երախտավորների ու ազգի մեծերի նկատմամբ, այն հողի նկատմամբ որից ծնվել ու սնվել են։ Արևելքում առաջնայինը բովանդակություն է, արժանապատվությունն է, հայրենիքն է, իրական արժեքներն են, Արևելքում ազնիվ են հարաբերությունները։ Արևմուտքում հարաբերությունների հիմքում առավելապես ձևն է, պոպուլիզմն է, կեղծ արժեքներն են, երկակի ստանդարտներն են, այստեղ խեղաթյուրված են Աստծո ու բնության օրենքները։ Արևմուտքում գլխավորը շահն է, նյութն է, ինչպես Թումանյանը կասեր, «մեքենան ու ոսկին է», այստեղ չեն հաշտվում այլոց հաջողության հետ և առաջնորդվում են` ես, ամեն ինչ ինձ սկզբունքով։ Արևմուտքի նպատակը մեծ հաշվով բոլոր հարուստ, հզոր ու մրցակից երկրներին քայքաելն ու թուլացնելն է և այդ երկրներին միանձնյա իշխելը` մեկ կենտրոնից ղեկավարելը և նրանց ռեսուսներին ու հարստությանը տեր դառնալն է։ Հայ ժողովրդի մեծ բարեկամ, նոբելյան մրցանակի դափնեկիր Նանսենը գրել է. «Վայ հայ ժողովրդին, որ նրան ներքաշեցին եվրոպական, քաղաքականության մեջ, նրա համար լավ կլիներ, որ նրա անունը ոչ մի եվրոպական դիպլոմատ երբեք արտասանած չլիներ։ Իսկ Եվրոպայի արևմտյան տերությունների և ԱՄՆ֊ի կողմից հնչեցին միայն խոսքեր։ Արևմտյան տերությունները ոչ մի ցանկություն չհայտնեցին աջակցել հայերին ոչ ռազմական ուժով, ոչ էլ տնտեսական միջոցներով»։ Մեզանից շատերը սակայն նույն մոլորության մեջ են, ինչպես 20-րդ դարի սկզբին և նորից փրկության հույսեր են կապում Արևմուտքի հետ, այն Արևմուտքի` ում աջակցությամբ ու լուռ համաձայնությամբ հայ ժողովուրդը 1915թ. ցեղասպանվեց, իսկ 2020թ. 44֊օրյա պատերազմում սպանդի ենթարկվեց մի ողջ սերունդ, օգտագործվեցին արգելված զենքեր, 2023 թ. հանձնվեց Արցախը, իսկ հիմա էլ Հայաստանի տարածքներն են թուրքին հանձնվում մաս֊մաս, Զանգեզուրով է արտատարածքային միջանցք հանձնվում ոչ Հայաստանի վերահսկողությամբ, հայոց պետականությունն է կանգնած կորստի վտանգի առաջ։ Հայաստանի նկատմամբ էլ բացահայտ վարվում է անազնիվ ու կործանարար քաղաքականություն։ Մեր փրկությունն էլ մեր ազնվական, արևելքում գտնվող աարմատներին վերադարձը կլինի։