Ալեքսեյ Օվերչուկն վստահ է, որ Երևանը կգնահատի բոլոր գործոնները՝ նախքան ընտրություն կատարելը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ անդամ դառնալու որոշումը պետք է կայացվի բացառապես հայ ժողովրդի կողմից, և այդ գործընթացում պետք է կշռադատվեն բոլոր գործոնները, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Վերջերս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինելը անհնար է։ Եվ եթե երբևէ նման որոշում կայացվի, ես վստահ եմ, որ կվերանայվեն տարբեր գործոններ, որոնք կարող են ազդել որոշման կայացման վրա՝ այս կամ այն ուղղությամբ»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ ասել է Օվերչուկը լրագրողներին։

Աղբյուրը տեղեկացնում է՝ անցած շաբաթ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը գիտակցում է՝ անհնար է միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ։ «Երբ գա անխուսափելի ընտրության պահը, մենք կընդունենք համապատասխան որոշում»,-նշել էր նա՝ ընդգծելով, որ հնարավոր է ցանկացած սցենար, և ամեն ինչ կախված կլինի «մեր ժողովրդի կամքից, իրավիճակի վերլուծությունից, հեռանկարներից ու բանակցությունների արդյունքներից»։

«Նախորդ շաբաթվա ընթացքում Փաշինյանը հանդիպել էր նաև Օվերչուկի հետ, որտեղ քննարկվել էին Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ օրակարգի հարցերը, այդ թվում՝ առևտրաշրջանառության դինամիկան և համատեղ ծրագրերի իրագործման ընթացքը»,-գրում է «Ինտերֆաքսը»։

Leave a Comment