Հնդկաստանը կրկին արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցության մասին Ադրբեջանի դիմումը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը հղում անելով ադրբեջանական AnewZ-ին։
Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ դառնալու՝ Ադրբեջանի դիմումին։ Իրավիճակին ծանոթ պաշտոնյաները նշել են, որ Հնդկաստանի որոշումը՝ խոչընդոտելու գործընթացը, հակասում է բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին և «Շանհայի ոգուն», որոնք սահմանում են, որ երկկողմ վեճերը չպետք է տեղափոխվեն բազմակողմ հարթակներ։
Տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի դիրքորոշումը սերտորեն կապված է Ադրբեջանի և Պակիստանի եղբայրական հարաբերությունների հետ։ Հաղորդվում է, որ այս քայլը «չի փոխում Ադրբեջանի կուրսը», այլ միջազգային հանրությանը ցույց է տալիս «Հնդկաստանի քաղաքականության սահմանափակ և կարճատես բնույթը»։ Միաժամանակ, ըստ ադրբեջանական աղբյուրի, Պակիստանի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ վերջերս ընդունված որոշումը համաձայնեցվել է Բաքվի հետ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախօրեին ընդգծել էր, որ Պեկինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին որպես մշտական անդամներ միանալուն։ Ներկայում երկրներն ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը ՇՀԿ-ում նոր գործընկերոջ կարգավիճակ կստանա։ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) որոշել է ստեղծել միասնական կարգավիճակ՝ «ՇՀԿ գործընկեր» անվամբ, ասվում է ՇՀԿ անդամ պետությունների «Տյանցզինի հռչակագրում»։ Ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ անդամ պետությունները «դիտորդ» և «երկխոսության գործընկեր» կարգավիճակները միավորել են նոր կարգավիճակի՝ «ՇՀԿ գործընկերոջ»։