
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զգալիորեն չափազանցրել է ռուսական բանակի նվաճումները Ուկրաինայում գարուն-ամառ հարձակողական արշավի ընթացքում, գրում են Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։
Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ ռուսական զորքերը 2025 թվականի մարտից ի վեր վերահսկողություն են հաստատել 149 բնակավայրի և ավելի քան 3,5 հազար քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածքի նկատմամբ, հաղորդում է DW-ն։
Իր հերթին, ISW-ի վերլուծությունը ցույց է տվել, որ ռուսական բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել միայն 2346 քառակուսի կիլոմետր տարածքի և 130 բնակավայրի նկատմամբ։
Բացի այդ, վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանը գրավել է Դոնեցկի մարզի 76,7%-ը, Խերսոնի մարզի 73,2%-ը և Զապորոժիեի մարզի 73%-ը, այլ ոչ թե համապատասխանաբար 79%-ը, 76%-ը և 74%-ը, ինչպես պնդում է Գերասիմովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության և ISW-ի գնահատականները Լուգանսկի մարզի համար (99.7%) համընկել են։