Թամարա Մինասյանը խոսեց նաև Ադրբեջանի կողմից արցախյան ձեռագրարվեստը յուրացնելու փորձերի և այդ ամենին գիտականորեն հակազդելու մեխանիզմների մասին

Այսօր Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության գրասենյակում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու՝ Թամարա Մինասյանի «Արցախի ձեռագրական ժառանգությունը» թեմայով դասախոսությունը։

Դասախոսության ընթացքում ներկայացվեց Արցախի ձեռագրական հարուստ ժառանգությունը, Արցախի գրչության կենտրոնների՝ Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Գտչավանքի, Եղիշե Առաքելոց վանքի, Մեծառանց Սբ Հակոբավանքի, Ավետարանոց Սբ Գայանե Կուսանաց Անապատի և այլ կոնտրոնների ձեռագրերի հարուստ հավաքածուները, արցախյան մանրանկարչության առանձնահատկությունները, Ավետարանների պատկերների և տեսարանների առանձնահատկությունները։

Ներկայացվեց նաև Գանձասարի Մատենադարանի հարուստ ժառանգության, բացառիկ նմուշների պատմության մասին։

Դասախոսությանը բանախոսը ներկայացրեց ոչ միայն Արցախյան ձեռագիր մատյանների, նրանց հիշատակարանների եզակի արձանագրությունների մասին, այլև այն մատյանների, որոնց պահոց է համարվում Արցախը՝ իր գրչության կենտրոններով։

Բանախոսը նաև ներկայացրեց Ադրբեջանի կողմից արցախյան ձեռագրարվեստը յուրացնելու փորձերի և այդ ամենին գիտականորեն հակազդելու մեխանիզմների մասին։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment