Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է ընդհանրապես չկայանալ. գրում է РИА Новости-ն:
«Մենք այսօր կրկին պետք է քննարկենք այս թեման այն համատեքստում, որ Զելենսկու և Պուտինի հանդիպումը, թվում է, չի կայանալու, չնայած այն համաձայնեցված էր ԱՄՆ նախագահ Թրամփի և Պուտինի միջև անցյալ շաբաթ, երբ մենք՝ այլ եվրոպացի առաջնորդների հետ Վաշինգտոնում էինք», – ասել է Մերցը նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ, Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից հետո, Թրամփը Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել Զելենսկու և ԵՄ առաջնորդների հետ, որի ավարտին հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են տեղակայել զորքեր Ուկրաինայի տարածքում։ Նա հավելել է, որ իր նախագահության ընթացքում ամերիկյան զորքեր Ուկրաինայում չեն լինի։
Եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների ավարտից հետո, Թրամփը հայտնել է, որ զանգել է Պուտինին և պատրաստվում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, որի արդյունքում հնարավոր է նաև եռակողմ հանդիպում իր մասնակցությամբ։
Այդ ընթացքում Ռուսաստանի ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ուղղակի բանակցությունների շարունակման օգտին։ Այս համատեքստում քննարկվել է նաև այն գաղափարը, որ անհրաժեշտ է ուսումնասիրվել կողմերի ներկայացուցչական մակարդակը բարձրացնելու հնարավորությունը։