Microsoft-ը աշխատանքից ազատել է Իսրայելի հետ համագործակցությանը դեմ աշխատակիցներին

Microsoft-ը աշխատանքից ազատել է երկու աշխատակցի, որոնք բողոքել էին կորպորացիայի՝ Իսրայելի անվտանգության ուժերի հետ համագործակցության դեմ։ Նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել ընկերության նախագահի գրասենյակում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Microsoft-ի ներկայացուցչին:

Օգոստոսի 26-ին ոստիկանությունը ձերբակալել է Microsoft-ի յոթ ներկա և նախկին աշխատակիցների, որոնք բողոքի ակցիաների ժամանակ մտել էին կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթի գրասենյակը: Կորպորացիան երկու աշխատակիցներին աշխատանքից ազատելը հիմնավորվել է «ընկերության քաղաքականության և վարքագծի կանոնագրքի լուրջ խախտումներով» և «կառավարման գրասենյակ ներխուժմամբ»: Ինչպես նշել է Associated Press-ը, մինչ Ռեդմոնդում գտնվող Microsoft-ի գլխավոր գրասենյակի ներսում ձերբակալվել են մի քանի ցուցարարներ, մեկ այլ խումբ շարունակել է բողոքի ակցիաները դրսում:

Microsoft-ի աշխատակիցների կողմից կազմակերպված ցույցերը սկսվել են օգոստոսի 18-ից: Օգոստոսի 20-ին ձերբակալվել է 18 մարդ. նրանք հրաժարվել են ցրվել և ենթարկվել ոստիկանությանը: Այդ ակցիայի շրջանակներում ցուցարարները կարմիր ներկ են լցրել գլխավոր գրասենյակի տարածքում գտնվող կորպորացիայի լոգոտիպով կառույցի վրա:

Ցուցարարները պահանջում են, որ ընկերությունն անհապաղ դադարեցնի իր գործընկերությունը Իսրայելի անվտանգության ուժերի հետ և դադարեցնի նաև նրանց ծառայություններ մատուցելը:

Leave a Comment