Բոլոր դպրոցներն ունեն բոլոր անհրաժեշտ դասագրքերը․ Ժաննա Անդրեասյան

Այս պահին ոչինչ չի խանգարում ուսումնական տարին պատշաճ մեկնարկելու համար՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարությունը մի քանի օրից մեկնարկող ուսումնական տարին հայտարարել է «անվտանգ ու ապահով կրթական միջավայրի տարի»։ Հանրապետությունում 2025-2026 ուստարում կանցկացվեն միջոցառումներ՝ առողջ ապրելակերպը խթանելուն, կրթական միջավայրն ավելի ապահով դարձնելուն ուղղված։ Այս տարվանից հանրակրթական դպրոցների 1-11–րդ դասարաններում ուսուցումը կկազմակերպվի կրթական նոր չափորոշիչներով, դպրոցներ կմտնեն նաև շուրջ 160 անուն նոր դասագրքեր։

Անդրադառնալով դպրոցական դասագրքերի բովանդակության կամ պակասի վերաբերյալ քննադատություններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է՝ հսկայական աշխատանք է տարվել, երեք տարվա ընթացքում 220-ից ավելի դասագիրք է հրատարակվել։ Գրեթե 15 տարի նման գործընթաց երկրում չի եղել․  գործող դասագրքերը վերահրատարակվում էին, բայց նոր բովանդակություն չէր ստեղծվում։ Նախարարի կարծիքով՝ սա է պատճառը, որ գործընթացը հաճախ դանդաղ կամ ոչ սահուն է անցել։ Ժաննա Անդրեասյանն ասում է, որ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ բոլոր դպրոցներն ունեն բոլոր անհրաժեշտ դասագրքերը։

«Եթե բացեք մամուլը, կարող եք տեսնել 1-4 դասագրքի մասին ինչ–որ քննադատական գրառումներ, դիտարկումներ, որոշ դեպքերում՝ իսկապես տեղին, որոշ դեպքերում՝ ուղղորդված, բայց մենք խոսում ենք ավելի քան 220 նոր գրքի մասին, և սա ցույց է տալիս, որ աշխատանքը որակյալ է։ Եվ սա ամբողջությամբ ծածկում է դպրոցական կրթության կարևորագույն առարկաները»։

Այնուամենայնիվ, առայժմ կան որոշ առարկաներ, որոնք նոր ուսումնական տարում կդասավանդվեն հին դասագրքերով։ Խոսքը 10-րդ և 11-րդ դասարաններում դասավանդվող «Քիմիա», «Կենսաբանություն», 11-րդ դասարանի «Ռուսաց լեզու», «Հանրահաշիվ» առարկաների մասին է։ Առանց «Հայաստանի պատմության» նոր դասագրքերի կմնան նաև 10-րդ և 11-րդ դասարանցիները։ Նախարարը բացատրում է, որ սրանք այն դեպքերն են, երբ հայտարարված մրցույթին մասնակիցներ չեն եղել, կամ ներկայացված հայտերը պահանջները չեն բավարարել։

«Ինչպես նաև մենք որդեգրել ենք մոտեցում, որ ավագ դասարաններում հրաժարվում ենք միայն դասագրքային ուսուցումից և անցնում ենք ուսումնական թղթապանակների և մասնավորապես պատմության պարագայում նաև այս մեթոդով ենք ուսուցանումն իրականացնում։ Իհարկե, զուգահեռաբար նաև10-րդ և 11-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքերի մրցույթներ են հայտարարված, ու ես վստահ եմ, որ կունենանք առաջարկներ, որոնք կկարողանան որպես հիմնական նյութ կիրառվել մեր դպրոցներում»,– ասում է Ժաննա Անդրեասյանը։

2025-2026 ուսումնական տարում առաջին անգամ 1–ին դասարանում ուսուցումը կանցկացվի նոր չափորոշիչներով․ արդեն դպրոցներում են նաև նոր «Այբենարան»–ները։ Նոր դասագրքերը նաև դասավանդման նոր մեթոդներ են ենթադրում՝ շեշտում է Անդրեասյանը։ Նախարարը հիշեցնում է՝ եկամուտները հայտարարագրելուց հետո ծնողները հնարավորություն ունեն հետ ստանալու 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության համար վճարած 3․000 դրամը։ Այս գործընթացն կատարվելու է ինքնաշխատ եղանակով․ որևէ բան լրացնելու, դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Իսկ 1-4–րդ դասարանի դասագրքերն ամբողջությամբ անվճար են։

Անդրեասյանը նոր ուսումնական տարվա մեկնարկին ամփոփում է նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության արդյունքները։ Գերակա համարվող 15 մասնագիտություններով միջին մասնագիտական հաստատություններ միայն առաջին փուլով 825 դիմորդ է ընդունվել, իսկ նախորդ տարի առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով ընդունվածների թիվը չէր անցնում 720-ը։

«Սա նշանակում է, որ, օրինակ, միջին մասնագիտական կրթական ծրագրերով պետության քաղաքականությունը, կրթաթոշակի տրամադրումը իսկապես ունեցել է արձագանք, և դիմորդները դիմում և սովորում են այս ուղղություններով։ Պիտի հիշեցնեմ, որ մենք հետևում ենք նաև առաջադիմությանը, և այնպես չէ, որ ամբողջ ուսումնառության ընթացքն է ավտոմատ կրթաթոշակի ստացում ենթադրում, ուսանողները նաև պետք է պատշաճ առաջադիմություն ունենան, որ ընդունվելուց հետո շարունակեն ստանալ կրթաթոշակը»,– մանրամասնում է նախարարը։

Նոր՝ 2025-2026 ուսումնական տարին նաև նոր խորագիր ունի․ նախարարությունը մի քանի օրից մեկնարկող ուստարին անվանել է «Անվտանգ ու ապահով կրթական միջավայրի տարի»։ Հատկապես ուշադրություն է դարձվելու դպրոցներում ֆիզիկական պատրաստվածությանն ու առողջ ապրելակերպին՝ բացատրում է Անդրեասյանը։

«Սա նշանակում է, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու այն բոլոր աշխատանքներին, որոնք խրախուսում են առաջին հերթին մեր սովորողների առողջ ֆիզիկական ակտիվությանը, վնասակար սովորություններից զերծ մնալուն, ամեն տեսակի բռնությունից զերծ միջավայր ապահովելուն, և տարվա ընթացքում բազմաթիվ անելիքներ ենք պլանավորել այս ուղղությամբ։ Սեպտեմբերից դպրոցները կստանան նաև անվտանգության ուղեցույց, որտեղ նկարագրված կլինեն այս բոլոր կարևոր ուղղություններով տարվող աշխատանքները»։

Նախորդը «Մշակութային կրթության տարին» էր․ 2025–ի առաջին կեսին շուրջ 210 հազար դպրոցական այցելել է թանգարաններ, թատրոններ ու համերգասրահներ։  

Leave a Comment