1908թ. Օգոստոս 31-ին Ֆրեզնոյում ծնված այս հսկա գրողին հեռակա հանդիպելու համար, մեզ կօգնի 1974-թվականի մի անգին ձայնագրություն, որը խնամքով պահվում է Հանրայի ռադիոյի ձայնային գանձարանում:
Այս ձայնագրության համար երախտապարտ ենք գրող, թարգմանիչ Լևոն Միրիջանյանին, որը «Հանդիպումներ Սփյուռքում» հաղորդաշարի համար, իր շարժական ձայնագրիչով, Ֆրեզնոյում անմահացրել է Սարոյանի խոսքը: Բայց, իրականում, նա ոչ միայն անմահացրել է սոսկ Սարոյանի խոսքը, այլև նրա տրամադրությունը, նրա ոգին, նրա համն ու հոտը:
Եվ այսպես, 1974թ․ նոյեմբեր 20: Ֆրեզնոյի հայ համայնքի հայտնի դեմքերից Արամ Արաքսը և իր տիկինը՝ Ալմանը, իրենց հարկի տակ հյուրասիրություն են կազմակերպել՝ ի պատիվ Վիլյամ Սարոյանի, որը նոր էր վերադարձել փարիզյան երկարատև ուղևորությունից: Արաքսների հյուրերը, այդ թվում գրող Վահե Հայկը, իր տիկնոջ` Զվարթի հետ, և Երևանից ժամանած Լևոն Միրիջանյանը և ուրիշներ, 6 ժամ շարունակ վայելել են մեծ գրողի ընկերակցությունը:

Իսկ Լևոն Միրիջանյանը նաև արձանագրել է ժապավենի վրա սեղանի շուրջ ընթացող անկաշկանդ և ուրախ զրույցը: Այսօր մենք էլ կմասնակցենք այդ վայելքին, անշուշտ, ոչ 6 ժամ շարունակ և առանց համտեսելու տիկին Ալմանի և տիկին Զվարթի շտկած սեղանի բարիքները:
Այս ճաշկերույթից 14 տարի առաջ, Սարոյանը Երևանում էր և սեղանակիցներին պատմում է Սունդուկյանի անվան թատրոնում դիտած «Բաղդասար աղբար» ներկայացման մասին, որի գլխավոր հերոսի դերակատար Հրաչյա Ներսիսյանի խաղը նրան այնքան էր դուր եկել և մի կուշտ ծիծաղեցրել:
Ինչպես ցանկացած ճաշկերույթի ժամանակ, այս դեպքում էլ սեղանակիցների միջև զրույցի թեմաները անընդհատ փոխվում են: Սարոյանը պատմում է, որ իբրև գրող, մեկ բանի համար է զղջում, որ՝ ճանաչելով Անդրանիկ Զորավարին, դեռ չի անդրադարձել նրա կերպարին՝ պատճառաբանելով, թե իր մեջ դեռ չի հասունացել այդ գործը, բայց, անպայման, կգրի նրա մասին և սպասում է այդ օրվան:
Խարբերդի հալվան անուշ անելով՝ Սարոյանը խոսում է հայրերի և որդիների խնդրի շուրջ, հիշում իր ծնողներին, մանկության օրեը: Բաժակներ են բարձրացվում, կենացներ են ասվում: Սարոյանի խնդրանքով Երևանից Ֆրեզնո հասած Լևոն Միրջանյանը երգում է: Սեղանի շուրջ Սարոյանը խոստովանում է, թե շատ կուզենար ապրել մինչև նոր՝ 21-րդ դարի գալուստը: Ցավոք, իր այս երազը անկատար մնաց: Մահացավ դրանից շատ առաջ՝ 1981-ին, երբ ընդամենը 72 տարեկան էր: Ասենք մահանալ բառը այս հանճարեղ մարդու պարագայում սխալ է գործածելը: Սարոյանին մահ չկա: