Իշխանության քարոզիչները պնդում են, որ սեպտեմբերի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը մեր դիվանագիտության պատմական նվաճումն են:
Ո՞րն է այդ «աննախադեպ հաջողությունների» էությունը: Ադրբեջանն ուզում էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք ասում էինք՝ ոչ, դա կլինի միայն խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո: Բայց Վաշինգտոնում Ադրբեջանի հետ միասին հայտարարեցինք լուծարելու մասին:
Ադրբեջանն ու Թուրքիան ասում էին՝ «Զանգեզուրի միջանցք», մենք ասում էինք՝ «ոչ մի միջանցք, մոռացեք միջանցքի մասին»: Բայց Վաշինգտոնում այդ միջանցքը տվեցինք: Չնայած՝ մինչեւ հիմա էլ իշխանությունները շարունակում են խաբել, իբր դա միջանցք չի, կոմունիկացիաների ապաշրջափակում է: Ասացեք, խնդրեմ, այդ ո՞ր կոմունիկացիան է ապաշրջափակվել՝ Հայաստան-Նախիջեւան-Իրա՞ն, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստա՞ն:
Դիվանագիտական հաջողությունն, իմ ընկալմամբ, այն է, երբ դիմացինդ ինչ-որ բանի է ձգտում՝ ի վնաս քեզ, բայց դու, բանեցնելով դիվանագիտական հնարքներ , այնպես ես անում, որ նա դրան չի հասնում կամ ոչ ամբողջությամբ է հասնում: Թող պատմական նվաճումների մասին խոսողները պարզ ասեն՝ ի՞նչ է ուզել Ադրբեջանը եւ չի ստացել Վաշինգտոնում:
Բայց եկեք, այնուամենայնիվ, մի պահ ենթադրենք, որ մեր դիվանագիտությունն իսկապես փայլուն հաջողություններ է ունեցել Վաշինգտոնում: Այդ «աննախադեպ հաղթանակների» շրջանակներում Հայաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել է երեք հուշագիր.
1) «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,
2) Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,
3) Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին:
Չնայած այդ՝ հուշագրերը պետք է որ վկայեն մեր «հմուտ դիվանագիտության» մասին, դրանք գաղտնի են պահվում: Հրապարակեք, որ մենք էլ ուրախանանք:
Քանի որ չի հրապարակվում, մնում են ոչ պաշտոնական արտահոսքերը, համաձայն որոնց, Հայաստանի որոշակի տարածքը տրվելու է ԱՄՆ-ին՝ 99 տարվա վարձակալության: Ինչպես Հոնկոնգը՝ Մեծ Բրիտանիային 1898 թվականին: Բայց խոսքն այս դեպքում բրիտանական գաղութի մասին է:
«Հաջողություններից» մնում է միայն խնդիրների դեպքում Թրամփին զանգելու հնարավորությունը: Սակայն Թրամփը վերջերս չի ճանաչել իր դեմ դիմաց նստած Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին, որի հետ երբեմն գոլֆ է խաղում: Այնպես որ, եթե Ալիեւը կամ Փաշինյանը նրան զանգեն, ԱՄՆ նախագահի օգնականները պետք է երկար բացատրեն «Աբեր-բեջանի եւ Ալբանիայի միջեւ պատերազմը կանգնեցրած» խաղաղության Նոբելյանի պոտենցիալ մրցանակակրին, թե ովքեր են զանգողները եւ ինչ են ուզում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ Թրամփը Ալիեւին ուղարկել է Վաշինգտոնյան հանդիպումից նկար՝ անձնական մակագրությամբ. «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: