«Դժոխքի միջանցքով կամ խաչմերուկով մեզ տանում են դեպի Դերզորի անապատներ». Իգոր Սարգսյանի քաղաքական ելույթը դատարանում

Բագրատ սրբազանի եւ մյուսների՝  ահաբեկչության նախապատրաստման գործով դատական նիստում հանրային մեղադրողն այսօր միջնորդեց նաեւ գործով մեղադրյալ, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով: Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այս անգամ էլ բավարարեց միջնորդությունը:

Մինչ դատարանը կհրապարակեր կալանքի ժամկետի վերաբերյալ որոշումը, Իգոր Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Մենք մտածելու բան չունենք, դուք մտածելու բան ունեք: Կկատարեք պատվեր, մի օր Ձեր նկատմամբ կտրվի պատվեր: Կդատեք պատվերով, մի օր պատվերով Ձեզ էլ կդատեն: հետո հանկարծ չասեք՝ Աստված ջան, էս ինչ ղալաթ արեցինք: Ուրացող, ստախոս բանսարկու իշխանության իշխանությունը արդեն մոտեցել է  իր ավարտին: 7 տարի, 7 ամիս, 7 օրը մոտ է: Գալիս է պատասխան տալու եւ հատուցման ժամանակը»,- ասաց Իգոր Սարգսյանը: Նրան ընդհատեց նիստը նախագահողը քաղաքական հայտարարություններ անելու համար: Բայց Սարգսյանը կրկին շարունակեց:

-Բացեք ձեր աչքերը մեղադրողներ, դատավորներ, արդարամիտ եղեք ու իրատես: Մեզ բոլորիս կեղծ խաղաղություն քարոզելով՝ դժոխքի միջանցքով կամ խաչմերուկով տանում են դեպի Դերզորի անապատներ, կանգ առեք,- Սարգսյանի այս ելույթը նորից ընդհատեց նիստը նախագահողը:

Սկսվեց լեզվակռիվ մեղադրյալ Սարգսյանի, նիստը նախագահողի եւ մեղադրյալներից մեկ ուրիշի միջեւ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment