«Օլիմպիայի» ղեկավարությունը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո կրկին որոշեց քանդել չեմպիոնական թիմը, սակայն այս անգամ գնաց չափազանց հեռու: Եթե նախկինում հեռացավ միայն Ալբերտ Ռիերան, ապա այժմ տեղի ունեցան բազմաթիվ կարևոր կադրային փոփոխություններ: Որոշ խաղացողներ չեն կարող խաղալ, մյուսները լքել են թիմը: Արդյունքում՝ ակումբը հայտնվեց ճգնաժամում, գրում է սլովենական Planet Nogomet-ը:
«Ժորժե Սիմաոն դարձավ քավության նոխազ՝ մեղադրվելով այն բանի համար, ինչ ինքը չէր արել: Էրվին վան դե Լոյին ընտրեցին, քանի որ նա «նվաճել էր տիտղոսներ» և «սիրում էր աշխատել երիտասարդների հետ»: Սակայն, երբ գնացքը սլանում է դեպի անդունդ, նույնիսկ Սուպերմենը չի կարող այն կանգնեցնել:

«Օլիմպիան» նոր հատակ գտավ հինգշաբթի երեկոյան, երբ «Ստոժիցե» մարզադաշտում խայտառակ կերպով պարտվեց «Նոային»: Տարիներ առաջ նման կործանարար պարտություն էր կրել «Ռիեկան», այժմ նույն ճակատագիրը բաժին հասավ «վիշապներին»: Էրվին վան դե Լոյն ընդամենը ականատես էր այս «կրկեսին», որը սկսվել էր շատ ավելի վաղ, քան հայկական թիմի ջախջախիչ հաղթանակը երկրի ամենամեծ մարզադաշտում:
Այժմ «Օլիմպիան» ծնկաչոք է, մինչդեռ «Նոան» մոտ է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին»,- ահա այսպիսի նախաբանով է ներկայացրել սլովենական մամուլն «Օլիմպիայի» գլխավոր մարզչի հետխաղյա ասուլիսը։

«Գիտեինք, որ մրցակիցը ֆիզիկապես ուժեղ է: Բարձր պրեսինգի ժամանակ մենք լավ պահեր ունեինք, խաղի ընթացքում ավելի շատ էինք վերահսկում գնդակը, բայց ընդունեցինք չափազանց հեշտ գոլեր: Մեր պաշտպանությունը չափազանց միամիտ էր, չափազանց անորոշ։
Երկրորդ խաղակեսում մի քանի փոխարինում կատարեցինք, այդ թվում՝ որոշ խաղացողների ֆիզիկական վիճակի պատճառով: Ունեինք հնարավորություններ, բայց չափազանց թույլ ավարտեցինք մեր լավագույն հարձակումները: Երբ պաշտպանվում ես այնպես, ինչպես մենք այսօր, հաղթելը գրեթե անհնար է: Չափազանց հեշտ էինք կորցնում գնդակը: Արդյունքը վատ է, և դա, առաջին հերթին, թույլ պաշտպանության հետևանք է:
Մեզ մոտ նոր գաղափարներ չկան, մենք պարզապես հարմարեցնում ենք առկա մոտեցումները: Իմ այստեղ գտնվելու ընթացքում մենք ունեցել ենք ընդամենը մեկ լիարժեք մարզում և բազմաթիվ ժողովներ, բայց ժամանակը սուղ է: Արդյունքը վատ է, սակայն ես վստահ եմ, որ կդառնանք ավելի լավը: Կորցրել ենք մի քանի կարևոր խաղացողի, և թիմն այլևս այն չէ, ինչ նախորդ տարի: Սա արդարացում չէ, մենք պետք է ավելի լավը լինենք: Պարտությունը վնասում է ինքնավստահությանը: Մենք խփեցինք մեկ գոլ, կարող էինք ավելին: 1:4 հաշվով պարտվելը բոլորին ընկճում է, բայց պետք է կենտրոնանալ դրական պահերի վրա:
Այժմ կենտրոնանում ենք կիրակնօրյա խաղի վրա, իսկ պատասխան հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է: Խաղացողներին ընտրում եմ նաև նրանց ֆիզիկական պատրաստվածության հիման վրա, որը որոշների մոտ իդեալական չէ»,- ասել է հոլանդացի մասնագետը։