ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Սլովենիայի «Ստոժիցե» մարզադաշտում հյուրընկալվեց տեղի չեմպիոն Լյուբլյանայի «Օլիմպիային» և հաղթեց 4:1 հաշվով։
«Օլիմպիան» որոշել էր բազմազանություն մտցնել եվրոպական խաղերից առաջ կազմակերպվող միջոցառումներում (հնարավոր է՝ միայն «Նոայի» դեմ խաղի համար): «Ստոժիցե» մարզադաշտի հարակից հրապարակում աշխույժ մթնոլորտ էր տիրում: Խաղի մեկնարկից առաջ «Օլիմպիան» կազմակերպեց անակնկալ՝ գնդակը դաշտ դուրս բերեց ռոբոտ-շունը, որը, հավանաբար, «Օլիմպիայի» նոր հովանավոր, չինական Dongfeng կորպորացիայի արտադրանքն էր: Կատակով ասած՝ ռոբոտը խաղադաշտում ավելի ճարպիկ գտնվեց, քան տանտերերի որոշ խաղացողներ:

Առաջին խաղակեսում «Նոան» ցույց տվեց, որ Սլովենիա չի ժամանել պաշտպանողական ֆուտբոլ խաղալու։ 36-րդ րոպեին հաշիվը բացեց Մարին Յակոլիշը, իսկ 39-րդ րոպեին Իմրան Ուլադ Օմարը կրկնապատկեց այն։

Երկրորդ խաղակեսի սկզբում նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Մաթեուս Այասը վրիպեց: Հոլանդացի մրցավար Ալարդ Լինդհաութը նկատեց, որ մրցակցի խաղացողները ժամանակից շուտ էին մտել տուգանային հրապարակ և հարվածը կրկնելու հնարավորություն տվեց։ Երկրորդ փորձից Իմրան Ուլադ Օմարը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Շուտով «Օլիմպիան» կրճատեց հաշվի տարբերությունը՝ գոլի հեղինակ դարձավ Իվան Դուրդովը։ Սակայն 64-րդ րոպեին Իմրան Ուլադ Օմարը փայլուն գոլ խփեց՝ ձևակերպելով հեթ-տրիկ։
Պատասխան հանդիպումն օգոստոսի 28-ին է, Երևանի ժամանակով 20։00-ին։