Պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ ՀՀ նախագահական նստավայրում նրան հանդիսավորապես ընդունել է ՀՀ վարչապետը։ Երկու երկրների ղեկավարներն առանձնազրույցից հետո լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ՝ նախ շեշտելով երկու երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունը՝ որպես Հայաստանի և Իրանի միջև եղբայրական հարաբերությունների կայուն զարգացման երաշխիք։
Մինչև այդ՝ առանձնազրույցի ընթացքում, Փաշինյանը փոխանցել է Երևան-Բաքու հռչակագրին առնչվող մի շարք մանրամասներ, որոնց մի մասի հանդեպ հատկապես Իրանը շատ զգայուն է։
Իրանի նախագահի Հայաստան այցը երկօրյա է։ Երևանում նա արդեն այցելել է պարսկական «Կապույտ մզկիթ»։ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանում կգտնվի մինչև օգոստոսի 21-ը։ Հաջորդիվ ծրագրված է մեկնել Բելառուս։
Պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին նախագահական նստավայրում դիմավորելու արարողությունից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը առանձնազրույց ունեցան, ինչին հաջորդեց երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Անվտանգային հարցեր ու սահմանների անփոփոխության շեշտադրումներ․ այս թեմաներն առանցքային են եղել ԻԻՀ նախագահի՝ ՀՀ առաջին այցի ընթացքում։ Մասուդ Փեզեշքիանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի, Թրամփի ու Ալիևի միջև ձեռք բերված համաձայնագրի հարցերը։ Երևանն ու Թեհրանը համաձայնել են՝ եկել է հարաբերություններում նոր որակի ռազմավարականի հասցնելու ժամանակը՝ փոխանցել է ՀՀ վարչապետը․
«Մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ ժամանակն է աշխատելու մեր երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն և արդեն գործնական փուլում են: Փաշինյանն առանձնացրել է Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կատարվող շինաշխատանքները, որոնք հայկական կողմը վստահել է իրանական ընկերության․ ճանապարհն առաջիկայում շահագործման կհանձնվի։ Շեշտվել է Հայաստան-Իրան երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտությունը։
Տնտեսականի կողքին քաղաքական շեշտադրումներ․ առաջնահերթորեն, բնականաբար, խոսվել է Հայաստանի և Իրանի համար կենսական նշանակության հարցի՝ միջազգային սահմանների անխախտելիության ու անխափան հաղորդակցության շուրջ։
Տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում՝ նշել է ՀՀ վարչապետը՝ բարձր գնահատելով Իրանի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ: Փաշինյանը Փեզեշքիանին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի մանրամասները:
«Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով: Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և ի վերջո դեպի Սև ծով։ Սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Հայաստանը վստահ է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է ծառայի իր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո։ Անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր»։
Հարավային Կովկասում խաղաղությունն Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է՝ ի պատասխան շեշտել է Իրանի նախագահը։ Փեզեշքիանը վերահաստատել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը․ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին, և Իրանի դիրքորոշումը Կովկասում սահմանների անփոփոխության հարցում հստակ է և անփոփոխ։
«Մենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանել ենք, դա մեր քաղաքականությունն է, և մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառման և գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս՝ արտատարածքային տերությունների՝ տարածաշրջանի վիճակը կարող է ավելի բարդացնել»։
Իրանի նախագահի՝ Հայաստան այցի շրջանակում երկու երկրների միջև գործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրվել՝ արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագրից մինչև տնտեսական գործակցության, կրթության, բժշկական սարքավորումների ու կինոյի ոլորտում համատեղ անելիքներ, քաղաքաշինություն ու ազգային արխիվներ։ «Ունեցել ենք հիանալի քննարկումներ»,-ձևակերպել է Իրանի նախագահը՝ այցն ամփոփելով հրավերով՝ ՀՀ վարչապետին շուտով հյուրընկալելու Իրանում։