Այս գործով այնքան կոպիտ դատավարական սխալներ են թույլ տրվել, մենք անպայման բողոքարկելու ենք. Արամ Նավասարդյանի պաշտպան

-Դատավորն իր հոգու խորքում հասկացավ, որ Արամ Նավասարդյանն այս վրաերթի մեջ անմեղ է, դրա համար հնարավորինս նվազագույն պատիժ տվեց,- Սոնա Մնացականյանի գործով վճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:

Ըստ նրա՝ տուժող կողմը տարբեր մարդկանց միջոցով փորձել է կոնտակտի դուրս գալ Նավասարդյանի հետ ու կորուստը մեղմել վնասի փոխհատուցմամբ, բայց նրանց չի հաջողվել: Ըստ նրա, ի սկզբանե տուժող կողմը փոխհատուցում էր պահանջել 18 միլիոն դրամ, տասը օր առաջ պահանջը իջեցվեց, հասավ 10 միլիոն դրամի, իսկ այսօր, ըստ պաշտպանի, Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, ոչ մի կերպ չկարողացավ իր հայցը հիմնավորել:

«Այս գործով այնքան կոպիտ դատավարական սխալներ են թույլ տրվել, մենք անպայման բողոքարկելու ենք»,- ասաց պաշտպանը:

Փաստաբանը հավելեց՝ այս վրաերթի մեջ Արամ Նավասարդյանը մեղավոր չէ. «Արամ Նավասարդյանին կանաչ լույս է տրվել, թող խաչմերուկն ապահովեին: Արամ Նավասարդյանը այս դատական համակարգի քավության նոխազն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment