«Ինչո՞ւ նշված չեն զոհերի անունները, նաեւ այն, որ «27-ի գործն» իմ պահանջով վերաբացվել է». Անահիտ Բախշյանը՝ Մասնակցային դպրոցի դասագրքի մասին

Հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կնոջը՝ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին չի բավարարել «Մասնակցային դպրոցի» Հայաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում հոկտեմբերի 27-ի ողբերգությունը ներկայացնելը: Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքում: Դասագրքի հեղինակներն են՝ Գեւորգ Կեսոյանը, Վահագն Հակոբյան, Նժդեհ Հովսեփյանը, Հրածին Վարդանյան, Ալլա Խառատյան, Տաթեւիկ Համբարձումյան եւ Աղասի Թադեւոսյանը:

«Պատմություն գիտությունը նրա համար չէ, որ կեղծ կամ ճիշտ փաստերը շարադրեն: Դպրոցում պատմություն դասավանդելու նպատակը պատմական դեպքերը վերլուծել կարողանալն է, դատողություններ անելը, հետեւանքները հասկանալը, թե ինչ եղավ պատմական իրադարձություններից հետո, ինչպես պետք է վերլուծել պատմական իրադարձությունները, այդ հմտությունը պետք է դնել երեխաների մեջ: Հիմա 9-րդ դասարանի Հայաստանի պատմության դասագրքում ինձ հետաքրքրում է, թե Հոկտեմբերի 27-ը ինչու է այդպես ներկայացված», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ QR կոդով նայե՞լ է այն տեսանյութը, որի վերաբերյալ իր գրառման տակ մեկնաբանություն էր թողել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հիմնադիր Վահրամ Սողոմոնյանը: Նա տիկին Բախշյանին պատասխանել էր, որ QR կոդով ներկայացված ծավալուն տեսանյութում ամեն ինչ ասվում է: Յուրի Բախշյանի կինը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութ դնելը կարեւոր է, որ երեխաները տեսնեն, թե ինչպես է եղել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը:

«Իմ բարձրացրած հարցն այն մասին է, թե ինչու ահաբեկչության արդյունքում սպանվածների՝ այդ 8 հոգու անուն-ազգանունները եւ պաշտոնյաները նշված չեն դասագրքում: Ի վերջո` նրանք պատահական մարդիկ չէին, ԱԺ պատգամավորներ, նախարարներ էին. Արցախի առաջին վարչապետ Լեոնարդ Պետրոսյան, մեր տնտեսագիտության հիմքը դրած Միքայել Քոթանյան, խմբագիր Հենրիկ Աբրահամյան, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյան, պատերազմում կռված Արմենակ Արմենակյան…Այդպես էլ չհասկացվեց, թե ով ԱԺ միջանցքում սպանեց Արմենակյանին, երբ այդ սրիկաները, ահաբեկիչները դահլիճում էին…Եվ վերջապես ամենակարեւորը՝ աշակերտները պիտի կարողանան վերլուծելով հասկանալ հոկտեմբերի 27-ի հետեւանքները, որ այսօր զգում է յուրաքանչյուր հայ մարդ՝ Հայաստանում եւ Սփյուռքում…Մեր երեխաները պետք է հասկանան այս ամենը, որովհետեւ իրենք վաղվա զինվորն են, պաշտոնյա են, որ կարողանան կրել իրենց մեջ պատմական փաստը, որպեսզի իրենց ճակատներին գրեն՝ «Հայաստանը հավերժ է»:

Գրքում գրված է,որ կազմակերպիչների մասով գործը կարճվել է, բայց դա միայն կազմակերպիչների մասով չէ, կազմակերպիչների եւ պատվիրատուների, որը 2019թ իմ դիմումի համաձայն վերաբացվել է, թող դասագիրքն էլ գրի, որ գործը վերաբացվել է, թող երեխաներն իմանան, թե ինչպե՞ս գործը 15 տարի հետո վերաբացվեց…Սա Բախշյան Անահիտի անձնական հարցը չէ, պետության հարցն է»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Ինչ վերաբերում է QR կոդով Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը տեսանյութով ներկայացվելուն, նշենք, որ QR կոդի «տակ» «Ազատություն» ռադիոկայանի՝ 2021թ.-ին պատրաստած «Հոկտեմբերի 27, երկբեւեռ իշխանության ավարտը» ֆիլմն (հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան, ռեժիսոր՝ Արա Ճաղարյան) է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment