Հնդիկ աշխատակիցների նկատմամբ ենթադրյալ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել

Իջևանի կարի արտադրամասի հնդիկ աշխատակիցների նկատմամբ ենթադրյալ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նա մանրամասնել է, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (զենքի գործադրմամբ հոգեկան ներգործությունը, առավելագույն պատիժը՝ 2 ամսվա ազատազրկում), ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի (ֆիզիկական ներգործությունը, առավելագույն պատիժը՝ 1 ամսվա ազատազրկում) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենքի ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) հատկանիշներով։

Իջևանի «ԻՋ գրանդ տեքստիլ» ընկերության հնդիկ աշխատակիցները օգոստոսի 6-ին փակել էին Երևան- Իջևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և հայտարարելով, որ աշխատում են «ատրճանակի սպառնալիքի տակ»։

Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունում աշխատում է 205 հնդիկ, շուրջ 170 հայ աշխատակից։

Leave a Comment