
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը քննարկման առարկա է դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անհեթեթություն համարելով շրջանառվող լուրերը, թե Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի կամ նրանց մի մասի վերադարձին։
«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։
Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձեւաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը եւ փնտրում լուծումներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ եւ ոչ թե մասնակի»,- գրել է Բաղդասարյանը։