Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթացը սկսելու համատեղ կոչը


Ֆրանսիան ողջունում է այսօր Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի հովանու ներքո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված համաձայնության մասին հայտարարությունը՝ ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։


 


«ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված արդյունքները նշանավորում են վճռական առաջընթացի քայլ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումն ու վավերացումը կավարտի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթացը։


 


Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը և սահմանների վերաբացումը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սկզբունքների պահպանմամբ, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին վերածվելու խաղաղության և բարեկեցության գոտու՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։ Իր եվրոպացի գործընկերների հետ Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն նպաստել այդ նպատակին, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում», – նշվում է հայտարարությունում։

Leave a Comment