«Թրամփի ուղի» ծրագրից տնտեսական ակնկալիքները մեծ են։ Փորձագիտական դաշտում թվային լուրջ վերլուծություններ դեռ չկան, բայց ընդհանուր առմամբ դրական շեշտադրումներն են ուրվագծվում։ Սա գնահատվում է շուկաները դիվերսիֆիկացնելու, արտահանումն ավելի հեշտ կազմակերպելու շանսեր և, ի վերջո, առանց փակ սահմանների տնտեսությանը շնչելու հնարավորություն։ Ծրագիրը դիտարկվում է որպես ռազմավարական ենթակառուցվածքային նախագիծ տարածաշրջանային հաղորդակցման նոր ցանցեր ձևավորելու և միջազգային կապերը խթանելու համար։ Փորձագետների շրջանում սակայն, նաև որոշակի անհանգստություններ, որ սպասելիքները խոչընդոտվելու են ինչ-ինչ քաղաքական և ոչ քաղաքական պատճառներով։
Միջազգային մամուլն էլ սեփական գնահատումներն ունի։ Reuters-ի դիտարկմամբ, օրինակ, ծրագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը՝ էներգակիրներ արտադրող տարածաշրջանը, որը գտնվում է Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի և Իրանի միջև։ Այդտեղով անցնում են նավթի և գազի խողովակաշարեր, սակայն տարածաշրջանը տառապում է փակ սահմաններից և երկարատև էթնիկ հակամարտություններից:
TRIPP կամ Թրամփի ուղի․ տնտեսական ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունն այս ծրագրից․ ակնկալվում է, որ սա ներդրումային աննախադեպ ծրագիր է լինելու ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների համար՝ Հայաստանը գրավիչ տնտեսական խաչմերուկ դարձնելու ներուժով։
«Ռադիոլուր»-ի բացառիկ տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրմամբ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու արտաքին աշխարհի հետ՝ դեպի Իրան, Չինաստան, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան։ Հայաստանյան փորձագիտական դաշտում տնտեսական որոշ գնահատումներ արդեն արվում են։ Ըստ այդմ՝ նախագիծը հնարավորություն կտա արտահանումն ու ներմուծումը մատչելի դարձնել, բացի այդ՝ Հայաստանը միջազգային խոշոր ներդրումներ գրավելու հնարավորություն է ստանում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ գնահատում է անում ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի տնօրեն Սոս Խաչիկյանը․
«Դառնալով տարանցիկ գոտի` Հայաստանը հնարավորություն է ստանում լուրջ միջազգային կառույցների կողմից ներդրումներ ներգրավելու, այսինքն` բիզնես դաշտը ընդլայնելու։ Թեկուզ ուղղակիորեն կարող է երկաթուղու հետ կապված չլինի, բայց կապված լինի ենթակառուցվածքների հետ որպես արդեն ենթակառուցվածքային կենտրոն։ HUB, եթե այդպիսի նախագծեր Հայաստանում իրականանան։ Այս առումով, կարծում եմ, ներդրումային դաշտը կդառնա նպաստավոր, և բավական լուրջ բիզնես գործընթացներ տեղի կունենան Հայաստանում»։
Տնտեսական խաչմերուկը նոր շուկաներ է ենթադրում ՀՀ-ի համար։ Հայաստանը մշտապես խոսում է նոր շուկաներ ներգրավելու, շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, որպես այդպիսիք դիտարկում է Մերձավոր Արևելքը, ասիական և արաբական երկրները։ Բայց տնտեսագետն ընդգծում է, որ այսօր այդ ուղղություններով ճանապարհներ չկան։
«Դեպի արաբական աշխարհ, ենթադրենք, Թուրքիայի կամ Իրանի միջոցով, եթե ճանապարհը բացվի, դա հսկայական հնարավորություն կտա։ Այժմ մենք չունենք այդ ենթակառուցվածքները կամ այն, ինչ ունենք, խիստ սահմանափակ են և՛ ապրանքների, և՛ ծառայությունների առումով։ Կարծում եմ` հենց միայն Մերձավոր Արևելքը, եթե չդիտարկենք էլ Կենտրոնական Ասիան, Եվրոպան, բավարար է։ Հնարավորություններ կլինեն Թուրքիայի հետ, արաբական երկրների հետ, ասիական երկրների հետ բավական լայն շուկա կբացվի, և կարծում եմ` իսկապես մենք այդ առումով մրցունակ կլինենք»։
Արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան այդ դեպքում հաղորդակցության ուղիների հետ կապված լուրջ հնարավորություններ է ստեղծում՝ կարծում է Սոս Խաչիկյանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ այս ներդրումային ծրագիրը ոչ միայն երկաթուղուն և ավտոճանապարհներին է վերաբերում, այլև գազամուղներին, նավթամուղներին, էլեկտրահաղորդման գծերին, մալուխներին, որոնց անցումը ՀՀ տարածքով ոչ միայն մեծ եկամուտների, այլև անվտանգության էական աղբյուր է։ Փորձագիտական դաշտում որոշ փակագծեր են բացում, հիմնականում Կենտրոնական Ասիայի և ասիական երկրների գազային ու նավթային ռեսուրսները դեպի Եվրոպա տարանցելու ուղիների մասին։ Դրանք այնքան էլ շատ չեն․
«Այդպիսի ուղիներ նախկինում կային հյուսիսային ճանապարհով` Ռուսաստանի միջոցով։ Հիմա դրանք փակ են․ կային հարավային ուղղությամբ, Մերձավոր Արևելքի երկրներով։ Եվ Իսրայելի հետ կապված հակամարտությունը նույնպես խնդիրներ է առաջացրել։ Իհարկե կա նաև ծովային ճանապարհը, որը մասնակիորեն է վերցնում այդ բեռն իր վրա, բայց հիմա արդեն ռեալ անհրաժեշտություն կա Եվրոպա-Ասիա հաղորդակցության շրջանակում, հատկապես Ասիայի հետ կապված հաղորդակցությունը. նկատի ունեմ Կենտրոնական Ասիայի և ասիական երկրները, որոշակի առումով` Չինաստանը, որոշակի առումով` Հնդկաստանը, որովհետև Չինաստանն ու Հնդկաստանn ունեն ծովային բավական լուրջ տարանցիկ ուղիներ, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների համար դրանք բավական սահմանափակ են, և մյուս կողմից, սահմանափակ լինելով հանդերձ, Եվրոպան կարծես թե կենտրոնացած է հենց Կենտրոնական Ասիայի երկրների նոր շահագործվող գազամուղների, գազի և նավթի հանքավայրերի վրա։ Ու այս առումով, իհարկե, երկարաժամկետ հատվածում սրանք ռազմավարական պլանավորման շրջանակում պետք է դիտարկել, բայց հնարավոր է, որ ենթակառուցվածքը ծառայի նաև էլեկտրական էներգիայի, մալուխների, գազի և նավթի տարանցման համար»։
Այս տարածաշրջանում՝ Հայաստան, Վրաստան, Իրան, Ադրբեջան, միջազգային չափանիշներին համապատասխանող շուկայական ենթակառուցվածքներ չկան բեռնափոխադրումների, համատեղ արտադրությունների տեսանկյունից, բայց փորձագետը, հղում անելով միջազգային տարբեր հրապարակումների և զեկույցների, ընդգծում է՝ սա աշխարհի ամենաառաջանցիկ տեմպեր ունեցող տարածաշրջանն է․
«Եթե առաջանցիկ զարգացման տեմպերին ավելացվեն ներդրումային հնարավորությունները, ավելացվեն հաղորդակցության հնարավորությունները, իսկապես, աշխարհում արդեն հագեցած տնտեսական ենթակառուցվածքներ, որոնք Եվրոպայում, Ամերիկայում մեծ արդյունավետությամբ չեն գործում, աստիճանաբար կտեղափոխվի այս տարածաշրջան։ Տեղափոխվելու շնորհիվ, բնականաբար, Հայաստանի ենթակառուցվածքային հաբերից մեկը լինելու այս դերակատարումը կարող է էական մեծ նշանակություն ունենալ և մուլտիպլիկատիվ էֆեկտով տարածվել Հայաստանի վրա։ Գուցե տեղափոխվող ենթակառուցվածքները շատ մեծ չափով չտեղակայվեն հենց Հայաստանում, բայց ճանապարհային, հաղորդակցության, գազի, նավթամուղների ենթակառուցվածքների որոշակի առումով տեղակայումը Հայաստանում անուղղակի ձևով իր էֆեկտը բերելու է»։
Փորձագիտական դաշտում նաև այլ՝ մտահոգ դիտարկումներ կան։ Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը, օրինակ, կարծում է, որ տնտեսական արդյունքի հարցում սպասելիքներն ուռճացված են։ Նրա դիտարկմամբ՝ 2024 թ. Ադրբեջանի երկաթուղային ցանցով տարանցվել է ընդամենը 7,3 մլն տոննա բեռ, ինչը չի հասնում փոխադրումների ընդհանուր ծավալի 40%-ին: Փորձագետը նշում է նաև, որ, այսպես կոչված, «Միջին միջանցքի» բեռնափոխադրումների ծավալների ենթադրվող աճը պետք է դիտարկել որպես փոքր քանակական աճ նախորդ աննշան բազայի ֆոնին, ոչ թե որակական առաջընթաց։
Միջազգային առաջատար լրատվամիջոցներն էլ իրենց գնահատումներն ունեն։ Reuters-ը ծրագրից լուրջ սպասելիքների մասին է խոսում՝ գրելով, որ ծրագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը՝ էներգակիրներ արտադրող տարածաշրջանը, որը գտնվում է Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի և Իրանի միջև, և որտեղով անցնում են նավթի և գազի խողովակաշարեր։ Այս երկրները տառապում են փակ սահմաններից և երկարատև էթնիկ հակամարտություններից՝ հիշեցնում է պարբերականն ու ակնարկում տնտեսություններին շնչելու նոր հնարավորություն տալու մասին։