ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս մասնավոր բաժնետոմսերը, անշարժ գույքը, կրիպտոարժույթները և այլընտրանքային այլ ակտիվներ տեղադրել կենսաթոշակային ծրագրերում, գրում է «Коммерсантъ»-ը։
«Նախագահ Թրամփը ընդլայնում է այս ակտիվներին հասանելիությունը՝ ամերիկացիների՝ արժանապատիվ և հարմարավետ կերպով թոշակի անցնելու հնարավորությունն ապահովելու համար», – ասվում է փաստաթղթում: Այլընտրանքային ակտիվների օգտագործումը կբարձրացնի եկամտաբերությունը և կդիվերսիֆիկացնի պորտֆելը: Աշխատանքի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը և այլ գերատեսչություններ պետք է վերանայեն գործող կանոնները և հեշտացնեն ծրագրի մասնակիցների համար նման ակտիվներին հասանելիությունը։
Ավելի քան 90 մլն ամերիկացիներ մասնակցում են կենսաթոշակային ծրագրերին401(k), սակայն նրանց մեծ մասը հասանելիություն չունի այլընտրանքային ակտիվների, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ Binance-ի տվյալների, փաստաթղթի ստորագրումից հետո Bitcoin-ի գինը աճել է 1.61%-ով և գերազանցել 117,000 դոլարը։