Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված ես ունեմ որոշակի մտահոգություններ: Հայտարարությունները, հավուր պատշաճի արտասանած խոսքերը եւ հռչակագրերն այնքան էլ կարեւոր չեն: Բայց, եթե այդ բոլոր բառերից դուրս, կողմերը համաձայնության գան, որ, ասենք «Զանգեզուրի միջանցքը» (ինչպես էլ կոչվի) պիտի վերահսկի ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայությունը, որպեսզի «ադրբեջանական ապրանքները ու Ադրբեջանի քաղաքացիները հայ մաքսավորների եւ սահմանապահների երեսը չտեսնեն» (Ալիեւի խոսքերն են), ապա ես այստեղ խնդիր տեսնում եմ: Եվ խնդիրն Իրանի ու Ռուսաստանի փոխազդեցությունն է: Մտահոգությանս պատճառն այն չէ, որ այդ երկրների քաղաքականության համար ուշքս գնում է: Հակառակը՝ ԱՄՆ-ն, Եվրոպան ինձ մշակութային առումով ավելի մոտ են: Պարզապես ամեն ինչ պետք է հաշվարկել, ոչ թե քցվել այսկողմ-այնկողմ ինչ-որ իմպուլսների ազդեցության տակ:
Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ ԱՄՆ-ը ի վիճակի չէ երաշխավորել խաղաղությունը մեր տարածաշրջանում. եթե բավարար լծակներ ունենար, ապա կկանգնեցներ ռուս-ուկրաինական պատերազմը: Ռուսաստանն ու առավել եւս՝ ԵՄ-ն, նույնպես չեն կարող աշխարհի որեւէ անկյունում խաղաղություն ապահովել: Քանի չի հաստատվել նոր աշխարհակարգը, իրավիճակը չի կայունանալու, եւ ոչ ոք ոչ մի բան չի կարող երաշխավորել: Այնպես որ՝ այս հանդիման հետ կապված աղմուկը, աժիոտաժը, PR-ը շատ է լինելու, գործնական արդյունքները, մեծ հաշվով՝ նվազագույն:
Բայց Թրամփը կարող է իր երկրի բարձր հեղինակությունն օգտագործել մեկ այլ կարեւոր գործի համար: Նա հանդիպում է երկու բռնապետերի հետ: Նրացից մեկն իր բանտերում է պահում հայերին՝ 1994-2020 թվականների իրավիճակի համար «մուռ հանելու» եւ Հայաստանն ու հայերին ստորացնելու նպատակով: Մյուս բռնապետն իր բանտերում է պահում իր հնարավոր քաղաքական հակառակորդներին՝ հաջորդ տարվա ընտրություններին առավել դյուրությամբ վերարտադրվելու նպատակով:
Եթե Թրամփն իսկապես «ազատ աշխարհի առաջնորդ է» (ինչպես առաջ էին ասում ԱՄՆ նախագահների մասին), նա պետք է երկու բռնապետերի առաջ բարձրացնի այդ հարցերը: Բայց, ենթադրում եմ, որ այսօրվա հանդիպման ժամանակ դրա մասին խոսք չի գնա; Ի՞նչ է օրինականությունն ու հումանիզմը՝ աշխարհաքաղաքական խաղերի հետ համեմատ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: