Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է հանդիպեն Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում ուրբաթ օրը, ըստ լուրերի, խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար ։ Այնուամենայնիվ, նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ դիտվել որպես միջնորդ այն հարցում, որը նա վերջերս անվանել էր դիվանագիտական «հրաշք», կարող է ավելի դժվար իրականանալ, քան ոմանք կարծում են։ Այս մասին նշվել է The German Marshall Fund of the United States (GMF) կազմակերպության վերլուծությունում։
Ինչպես նշվել է, վերջերս արտաքին մեկնաբաններն ու օտարերկրյա պաշտոնյաները լրատվամիջոցներում տարածել են այն կարծիքը, թե Ալիևն ու Փաշինյանը շուտով կարող են ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը վերջ կդնի Հարավային Կովկասի հարևան երկրների միջև տասնամյակներ տևած առճակատմանը։ Այնուամենայնիվ, այն ստորագրելու համար երկու կողմերի կողմից առաջադրված հիմնական պայմանները լուրջ խոչընդոտներ են։
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ մայիսին համաձայնության են եկել նախագծի տեքստի շուրջ։ Սակայն, Ադրբեջանի պաշտոնյաները ավելի ու ավելի հաճախ են խոսում նախագծի միայն շուտով նախաստորագրման մասին։ Այս լրացուցիչ ընթացակարգային քայլը ֆորմալ տեսանկյունից անհրաժեշտ չէ, բայց քաղաքականապես այն կարող է որոշ չափով նվազեցնել լարվածության սրման ռիսկը։
Անհամաձայնության պատճառ դարձած կետերը, որոնք կարող էին լինել համաձայնագրի նախագծի մաս, դուրս են մնացել դրանից, որպեսզի երկու կողմերն էլ կարողանային հնարավորինս շուտ հայտարարել բանակցություններում առաջընթացի մասին: Սակայն, փոխարենը, դրանք դարձան համաձայնագրի ստորագրման պայմաններ:
Ինչպես նշվել է, դժվար հաղթահարելի խոչընդոտներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։ Խնդիրը ներառում է ոչ միայն Բաքվի և Երևանի միջև առկա անհամաձայնություններն, այլև՝ Իրանի և Ռուսաստանի կողմից հնարավոր որոշ լուծումների նկատմամբ կոշտ դիմադրությունը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանը նաև քննարկում է միջանցքում երթևեկության և սահմանային վերահսկողության իրականացումը ամերիկյան ընկերությանը հանձնելու հնարավորությունը, սակայն դեռևս պարզ չէ՝ այս լուծումը ընդունելի կլինի՞ Ադրբեջանի համար։
Իրանը կտրականապես դեմ է ցանկացած լուծման, որը կզրկի իրեն Հայաստանի հետ սահմանից, որի երկայնքով անցնում է «Զանգեզուրի միջանցքը», ինչպես նաև այն բանին, ինչն, իր կարծիքով, կնշանակեր սահմանային գոտու նկատմամբ ինքնիշխան վերահսկողության գործնականում փոխանցում Երևանից ամերիկյան ընկերությանը։
Ռուսաստանն, իր հերթին, կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքի» շահագործման հարցում որևէ ձայն չունենալու հեռանկարին, քանի որ 2020 թվականի եռակողմ հռչակագիրը, որը վերջ դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին, ներառում էր դրույթ դրա նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության մասին։
Հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցքի» տարանցման կանոնների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնությունները և Իրանի ու Ռուսաստանի կողմից ամենաշատ քննարկվող տարբերակների նկատմամբ ցուցաբերած դիմադրությունը՝ պարզ չէ, թե արդյո՞ք վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա նրանց ստորագրել խաղաղության պայմանագիր, կհաստատվի այնքան արագ, որքան շատ մեկնաբաններ սպասում են ՝ Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերով, թե առանց դրա։
Եթե Սպիտակ տանը երկու նախագահները ստորագրեն միայն հուշագիր կամ մտադրության նամակ վերջնական խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատելու վերաբերյալ, ապա մոտ ապագայում դրա հիմնական արդյունքը կարող է լինել Մինսկի խմբի գործունեության դադարեցման ուղղությամբ քայլը դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդում։
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են նաև միաժամանակ սահմանադրական հանրաքվեներ անցկացնել աշնանը:
Սակայն, «Զանգեզուրի միջանցքի» հարցը կմնա չլուծված։ Հարցը կարող է նույնիսկ ռազմական էսկալացիայի պատճառ դառնալ՝ հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կամ դրանց շուրջը Հայաստանում քաղաքական փոփոխությունների դեպքում։ Հետևաբար, այն կմնա տարածաշրջանային անվտանգության օրակարգի գլխավոր թեման։
Առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը նույնպես կարող է փակ մնալ։ Չկա որևէ նշան, որ Միացյալ Նահանգները առաջնահերթություն կտա այս հարցին Անկարայի հետ իր երկխոսության մեջ, որն ունի չափազանց շատ ավելի կարևոր կողմեր։
Ընդհանուր առմամբ՝ ուրբաթ օրը Սպիտակ տանը հանդիպումից ստացված արդյունքը, կարծես թե, կնշանակի խաղաղության ուղղությամբ հետագա առաջընթաց, բայց այն չի ապահովի արագ, համապարփակ և վերջնական լուծում։