Օգոստոսի 1-ին ադրբեջանական Minval կայքը հրապարակել է հոդվածներ, որոնցում Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքը հիշատակվում է նրա պատմական անվամբ՝ Քյոնիգսբերգ, գրում է Deutsche Welle-ն։
Մասնավորապես, մի նյութ վերնագրված էր. «Ռուսաստանը Քյոնիգսբերգում տեղակայել է S-400 և հարվածային համակարգեր»։
Նմանատիպ մոտեցում էր կիրառվել նաև այլ տեղանունների նկատմամբ. Օրենբուրգը ներկայացված էր որպես Օրինբոր, իսկ Վոլգա գետը՝ որպես Իտիլ։
Այս քայլը դիտարկվում է որպես պատասխան ռուսական պետական TASS գործակալության հրապարակմանը, որը վերաբերում էր նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը Ստեփանակերտում։
TASS-ը նյութում օգտագործել էր Լեռնային Ղարաբաղ և Ստեփանակերտ անվանումները, ինչը Ադրբեջանում որակվել է որպես տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոք է հայտնել TASS-ին՝ պահանջելով ներողություն և շեշտելով, որ Ստեփանակերտ անվան օգտագործումը վիրավորական է։
Նախարարությունը նաև նախազգուշացրել է, որ Բաքուն իրեն իրավունք կվերապահի ռուսական քաղաքները հիշատակել պատմական կամ թյուրքական անվանումներով։
Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը իր հերթին հայտարարել է, որ կարող է կիրառել անուններ, ինչպիսիք են՝ Քյոնիգսբերգ Կալինինգրադի փոխարեն, Օրինբոր՝ Օրենբուրգի փոխարեն, և Սարիսու՝ Վոլգոգրադի փոխարեն։
Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը
Հուշարձանը, որը նվիրված էր հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազյանին (Իվան Այվազովսկի), տեղադրվել էր 2021 թ. դեկտեմբերին ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտում։ Բաքուն պնդում է, որ հուշարձանը տեղադրվել էր առանց օրինական հիմքի։
Հուշարձանի ապամոնտաժումը տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին։ Դրան նախորդել է հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալությունները։ Ձերբակալությունների հետևանքով մահացել են երկու ադրբեջանցի, որոնց մահվան պատճառները, ըստ Բաքվի, կապված են կալանքի ընթացքում ստացած վնասվածքների հետ։
Ադրբեջանում էլ կալանավորվել են Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների մեղադրանքով։