ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Հունգարիայում կմրցի «Դյորի» հետ։
Առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակ էր տարել 2:1 հաշվով։
Խաղից առաջ հունգարական ակումբի գլխավոր մարզիչ Բալաժ Բորբեյը մամուլի ասուլիս է տվել։
«Երևանում մենք մեր լավագույն խաղը չցուցադրեցինք, թեև կային մի քանի լավ պահեր, սակայն կարևորը գոլ խփելն էր։ «Փյունիկը» լավ պաշտպանվող թիմ է, բայց հավատում եմ, որ սեփական հանդիսատեսի առջև կարող ենք մեր խաղը թելադրել։
Մենք գիտենք, թե որտեղ պետք է բարելավվենք, և դա իրագործելի է տնային խաղում։ Նախորդ շաբաթ խաղի ինտենսիվությունը բավարար չէր, թարմություն չկար, անընդհատ ճանապարհին էինք, ուշանում էինք, պակասում էին ստեղծագործությունն ու գաղափարները։
Չեմ ցանկանում խորանալ տակտիկական մանրամասների մեջ, բայց խաղից առաջ ամբողջ օրը մեր տրամադրության տակ է՝ խաղացողներին բոլոր կարևոր կետերն ամրապնդելու համար։ Մենք կարող ենք այնպես կազմակերպել պաշտպանությունը, որ «Փյունիկի» հակագրոհները այնքան դժվարություն չպատճառեն, որքան Երևանում։
Գիտեմ, թե ինչ եմ ուզում տեսնել հոգեբանության, էներգիայի և ագրեսիվության առումով։ Պետք է ամեն ինչով ավելի լավը լինենք, բայց միայն տակտիկայով հաղթել հնարավոր չէ։ Մեզ պետք է կիրք, հավելյալ էներգիա, և այդ հարցում մեր հանդիսատեսը մեծապես կօգնի»,- մասնագետի խոսքն է մեջբերում nemzetisport-ը։