Region Monitor. Թուրքիայում անազատության մեջ գտնվող «Անադոլու քյուլթուր» ՀԿ-ի ղեկավար, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք հասարակական գործիչ Օսման Քավալան Bianet-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին առնչվող հարցերին։
Region Monitor-ն առանձնացրել է Քավալայի ուշագրավ մտքերն ու շեշտադրումները
– Քանի որ Անին համարվում էր ռազմական արգելված գոտի, մինչև 2004 թվականը մեր քաղաքացիները Անի այցելելու համար պետք է թույլտվություն ստանային Կարսի նահանգապետարանից։ Որոշ վայրերում կատարվել էին ոչ լայնածավալ պեղումներ։ Պատմական կառույցների հետ կապված առաջին աշխատանքը կատարվել էր 2008 թվականին։ Շադդադյանների ժամանակաշրջանում կառավարիչ եղած Մանուչեհրի անունը կրող 13-րդ դարի կառույցը վերականգնվել էր։ 2011 թվականին մշակույթի նախարարության և World Monuments Fund-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում սկսվեցին Անիի ամենակարևոր հուշարձանային կառույցի՝ 10-րդ դարի Մայր տաճարի և Սուրբ Փրկիչ եկեղեցու վերականգնման նախագծերը։ Մենք՝ որպես «Անադոլու քյուլթուր», այս համագործակցությունը հեշտացնելու դեր ենք ունեցել։ Նախագծի ընթացքում Հայաստանից և Վրաստանից մասնագետների մասնակցությամբ աշխատարաններ ենք կազմակերպել։ Հատկապես Հայաստանի մասնագետներն անհանգստանում էին, քանի որ չգիտեին, թե ինչ աշխատանք է կատարվում։ Սակայն նախագծերը պատրաստող և իրականացնող հարգարժան ճարտարապետ Յավուզ Օզքայայի վերականգնման ոլորտում փորձը, կարողությունները, գիտական հզոր պատրաստվածությունը և երկխոսության բաց աշխատանքային մեթոդը օգնեցին հաղթահարել այդ մտահոգությունները, և Անիի կառույցների գիտական սկզբունքներին համապատասխան վերականգնումը դարձավ մեր ընդհանուր նպատակը։
Թեև դիվանագիտական հարաբերություններ չկային, մշակույթի նախարարությունը թույլ տվեց, որ Հայաստանից մասնագետներ մասնակցեն Անիում իրականացվող գնահատման աշխատանքներին, և Հայաստանի կառավարությունն էլ աջակցեց մասնագետների ուղարկմանը։ 2016 թվականի հուլիսին՝ հեղաշրջման փորձի օրերին, Ստամբուլում անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաքին մշակույթի նախարարության՝ Անին Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու առաջարկին Հայաստանի կողմից ուժեղ աջակցություն ցուցաբերվեց։ Այդ օրվանից հետո մենք շարունակեցինք Անիի համատեղ ներկայացման աշխատանքները։ Հայաստանից, Ամերիկայից և մեր երկրից մասնագետների մասնակցությամբ պատրաստվեց Անիի մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրող եռալեզու բջջային հավելված։ Կարճ ասած՝ կամրջի մեր կողմում բավական փորձ և համագործակցության փորձ կուտակվեց։ Կամրջի վերականգնումը տարիներ շարունակ մասնագետների միջև ստեղծված այս գիտական կամուրջները ևս ավելի իմաստալից կդարձնի։
– Իմ երազանքն այն է, որ Անիի կամրջի մյուս կողմում՝ Հայաստանի հատվածն էլ ընդգրկող, ազատ գոտու կարգավիճակով Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի։ Վստահ եմ, որ սա, բացի ժողովուրդների միջև հարաբերությունների վրա դրական ազդեցություն ունենալուց, նաև կզարգացնի տուրիզմը և մեծապես կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: