ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Նոան» հյուրընկալվելիս զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին» 3:4 հաշվով և դիմակայության ընդհանուր (4:6) արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից։
Հանդիպումից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը պատասխանել է լրագրողների հարցերին։
– Մենք ցանկանում էինք հաջորդ փուլ անցնել։ Առաջին խաղում հնարավորություն ունեինք առավելություն ձեռք բերելու, և ափսոսում ենք, որ դա մեզ չհաջողվեց։ Այս խաղում, ցավոք, մրցակիցը անմիջապես օգտվեց մեր սխալից և գոլ խփեց։
– Հնարավո՞ր էր խուսափել այդ սխալներից։
– Սա Չեմպիոնների լիգան է՝ ֆուտբոլի էլիտան։ Այստեղ հանդիպում են լավագույն թիմերը, և «Ֆերենցվարոշը» դրանցից մեկն է։ Նրանք ունեն հիանալի խաղացողներ, և ես աշխարհի ամենաերջանիկ մարզիչը կլինեի, եթե մենք խուսափեինք այդ սխալներից։ Բայց հենց նման խաղերն են մեզ առաջ մղում՝ ցույց տալով, թե որտեղ պետք է կատարելագործվել։
– Հիասթափվա՞ծ եք։
– Երկու խաղերում էլ մենք ցույց տվեցինք, որ մեր թիմն իսկապես ուժեղ է, և մենք դեռ կարող ենք հիանալի մրցաշրջան ունենալ։
Նշենք, որ «Նոան» պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմփսի» հետ։