Հրդեհների վտանգը շարունակվում է պահպանվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Մեր տարածաշրջանում օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Անոմալ շոգն ու օդի բարձր ջերմաստիճանը մեծացնում են հրդեհների վտանգը։ Դրանք լուրջ խնդիր են հարևան երկրներում, որոնք արդեն մեկ ամիս պայքարում են անտառներում բռնկված հրդեհների դեմ։ Անոմալ շոգ է նաև եվրոպական մի շարք երկրներում։ 40-ից բարձր ջերմաստիճանը մի շարք երկրների ստիպել է օգնության խնդրել Եվրամիությունից։

Մեր տարածաշրջանում օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը  նորմայից բարձր կլինի։ Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների եվրոպական կենտրոնի՝ օգոստոսի 4-ից 11-ը Հայաստանի հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 ասիճանով, իսկ մնացած շրջաններում՝ 1-3 աստիճանով:

Սա նշանակում է հրդեհավտանգության ավելի բարձր աստիճան՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցի ժամանակ ասում է ՆԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Նարեկ Սարգսյանը։

«Մեր հանրապետությունում հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը անտառային տարածքների համար համարվում է հրդեհավտանգ։ Մեր գործընկերներն առաջիկա օրերի համար հայտարարում են, որ լինելու է մոտավորապես 40 աստիճան տաքություն, ինչն ավելի է մեծացնում  հրդեհների հավանականությունը»։

Սարգսյանի փոխանցմամբ՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար հայտարարում է հրդեհների վտանգի մասին ու հիշեցնում այն կանոնները, որոնք պետք է պահպանել։

«Պարբերաբար հայտնում ենք հրդեհավտանգ իրավիճակի մասին։ Մի քանի կանոն կա, որոնք մշտապես մեր քաղաքացիներին ներկայացնում ենք, որպեսզի այդ կանոնները պահպանելով՝ իրենց քայլերով անտառային հրդեհների պատճառ չդառնան։ Իրազեկման աշխատանք է տարվում նաև տեղում՝ անտառային հատվածներում։ Ունենք հերթապահ խմբեր, որոնք հերթապահում են Խոսրովի արգելոցում և անտառածածկ այլ հատվածներում, որտեղ հնարավոր է, որ լինեն հովեկներ»։  

Պատկան մարմինը քաղաքացիներին դարձյալ հորդորում է պահպանել կանոնները։ Դրանք չանտեսելու դեպքում  հնարավոր է զերծ մնալ հրդեհներից՝ ասում է  Նարեկ Սարգսյանը։

«Մեր քաղաքացիներին հորդորում ենք գետին չգցել այրվող լուցկի կամ չմարված ծխախոտի մնացորդ, չվառել խարույկ չնախատեսված վայրերում, շրջակայքը մաքրել շշերից, ապակու կտորներից, քանի որ դրանք կարող են արևի ճառագայթները կենտրոնացնել մեկ կետի վրա ու դառնալ հրդեհի պատճառ»։

Կարևոր է նաև անտառային տարածքներում դյուրավառ նյութեր ու դրանցով ներծծված լաթեր չթողնելը։ Անտառը կամ անտառամերձ տարածքները լքելիս պետք է միշտ համոզվել, որ խարույկը լիովին մարված է։ Խորհուրդ է տրվում անտառամերձ տարածքներում չկատարել չոր խոտի խոզանի այրում՝ բացառությամբ, բնականաբար, հսկելի այրումներից։

«Եվ եթե նկատում են հրդեհ, անմիջապես զանգահարեն ՆԳՆ փրկարար ծառայություն՝ 911 հեռախոսահամարով»։

Մինչ Հայաստանի պատկան կառույցները  ջանքեր են գործադրում՝ կանխելու հնարավոր հրդեհները, հարևան երկրներում արդեն տևական ընթանցք պայքարում են դրանց դեմ։ 

Ըստ տեղեկությունների՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը։   Մշակութային արժեք ունեցող մի քանի տասնյակ հուշարձան անմիջական վտանգի տակ է՝ ահազանգում են Արցախի ներկայացուցիչները և միջազգային կառույցներին ու մասնագիտացված կազմակերպություններին հորդորում իրենց մանդատի շրջանակում պատշաճ գնահատական տալ իրավիճակին և անել գործուն քայլեր Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ ։

Գրեթե մեկ ամիս է՝ անտառային հրդեհները չի հաջողվում մարել նաև Թուրքիայում։ Ուժեղ քամին ու 40-ից բարձր ջերմաստիճանն ավելի են բորբոքում կրակը։

Թուրքիայում հրդեհների հետևանքով զոհեր կան։ Արդեն 10 հրշեջ է զոհվել՝ կրակի ուղղության հանկարծակիորեն փոխվելու պատճառով։ 14 մարդ էլ ծանր այրվածքներ է ստացել։ Կրակն անկառավարելի է հատկապես կենտրոնական Էսքիշեհիր նահանգում։ Բոլոր զոհերը հենց այս նահանգից են։ Տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել 10 նահանգներից։ Ջերմաստիճանը Թուրքիայում մոտ 50-ի է հասնում, ինչն օդերևութաբաններն աննախադեպ են համարում վերջին 95 տարվա ընթացքում։ Միջերկրական ծովի ափի երկու նահանգներ Իզմիրն ու Բիլեջիքը թուրքական իշխանությունները աղետի գոտի են հայտարարել։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ բնակիչների կյանքին վտանգ է սպառնում, այդ նահանգներում էլ լայնածավալ տարհանումներ են սկսվել։ 

Օդերևութաբանների կանխատեսումները դրական չեն։ Անոմալ շոգն առաջիկա օրերին էլ չի լքի Թուրքիան։ Այդ երկրի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն X-ի իր միկրոբլոգում աղոթք է հրապարակել, որ հրդեհների դեմ պայքարը հաջողություն ունենա։

«Կրակի ճիրաններում են հայտնվել նաև Կիպրոսն ու Հունաստանը։ Կիպրոսում կրակն այգիներ և անգամ տներ է կուլ տվել։ Այստեղ հրդեհների դեմ 14 օդանավով ու հարյուրավոր հրշեջներով են պայքարում։ Կիպրոսի նախագահն օգնություն է խնդրել ԵՄ-ից։

Հունաստանը նույնպես պայքարում է երկրի տարածքում բռնկված հինգ խոշոր անտառային հրդեհների դեմ: BBC-ի հաղորդմամբ՝ համապատասխան կառույցները տարհանում են բնակիչներին մայրաքաղաք Աթենքից ընդամենը 30 կմ հյուսիս գտնվող տարածաշրջանից։

Նշվում է, որ Հունաստանը ևս դիմել է Եվրամիությանը՝ տարածվող հրդեհի դեմ պայքարելու համար օգնության խնդրանքով։

«Մենք ունենք վիրավոր հրշեջներ, մարդկային կյանքեր են վտանգվել, գույք է այրվել, և անտառային տարածքներ են ոչնչացվել»,- ասել է Հունաստանի կլիմայական ճգնաժամերի և քաղաքացիական պաշտպանության նախարար Յանիս Կեֆալոգիաննիսը։

Մինչ հրշեջ ծառայությունը հայտարարում է, որ հրդեհի հիմնական ճակատը զսպված է, ցրված օջախները շարունակում են կրակի մեջ մնալ: Ավելի քան 200 հրշեջ՝ ուղղաթիռներով և ջրցան ինքնաթիռներով, դեռևս աշխատում են տարածքում:

Leave a Comment