Ալիևը պատրաստվում է ՀՀ հաջորդ վարչապետի հետ բանակցություններին

Օկուպացիայի հետ երբեք չհամակերպվելու խորհրդից մինչև «Զանգեզուրի միջանցք» կոչված և Թրամփի վարչակազմից նոր ու մեծ ակնկալիքներ. օկուպացված Ստեփանակերտում կայացած մեդիաֆորումի ժամանակ Ալիևը վերնագրի արժանի մի քանի հայտարարություններ արեց, և դրանցից մեկը՝ Փաշինյանի հետ «խաղաղության համաձայնագիր» կոչվածը նախաստորագրելու մասին այնքան էլ ուշադրության չարժանացավ։ Սակայն, սա այն հայտարարությունն է, որը հուշում է՝ Ալիևը պատրաստվում է ՀՀ հաջորդ վարչապետի հետ բանակցություններին։

Եվ այսպես, Փաշինյանի հետ բանակցություններից երկուշաբաթ անց, այն բանակցություններից, որոնք Փաշինյանը որակում է բացառիկ և հաջողված, Ալիևը, որը որոշ ժամանակ դադարեցրել էր Փաշինյանին ռեժիմով ծաղրելու իր քաղաքականությունը, ահա այսպես է խոսում իր բանակցային գործընկեր Փաշինյանի մասին։

«Դե, եթե խոսենք Աբու Դաբիի մասին և Երևանից հնչած մեկնաբանության վերաբերյալ, այո, դա լավ մեկնաբանություն էր, վարչապետ Փաշինյանը խոսեց այն մասին, որ պետք է Ղարաբաղը ճանաչվեր որպես Ադրբեջանի մաս ավելի վաղ։ Պետք էր։ Ես նրան դա ասել եմ և՛ 2018 թվականին, և՛ 2019 թվականին։ Ես նրանց ասացի, ես զգուշացրեցի, որ ավելի վատ կլինի։ Ինչ արեցին փոխարենը։ Վարչապետ Փաշինյանը, որը հիմա ասում է, որ Ղարաբաղը պետք է ճանաչեր որպես Ադրբեջանի մաս, ավելի վաղ, 2019 թվականի ամռանը մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Այդ կերպ, ինչպես ասում են, նա ստորագրեց իր սեփական դժվար կյանքի տակ»,-հայտարարել է Ալիևը։

Կենտրոնում, իհարկե, Արցախն է։ Ինչի մասին էլ որ խոսի Բաքվի օկուպանտը և ինչ նպատակով էլ խոսի, մշտապես խոսքի կենտրոնում Արցախն է։ Հայաստանի առաջ դրված բոլոր նոր պահանջների հիմքում Արցախի օկուպացիան է։ Եթե Արցախի օկուպացիան կանխվեր, պահանջների, անգամ մինջանցի մասին չէինք լսի։ Հիմա նաև պարզվում է, որ Ալիևը երկաթբետոնե երաշխիքներ է պահանջում։ Հայկական Արցախի էջը, Հայաստանի երբևէ անվտանգ և խաղաղ ապրելու էջը անշրջելիորեն փակելու համար։ Սա նշանակում է, որ այդ էջը դեռ փակված չէ, որ դեռ կա հնարավորություն այս իրավիճակից, Փաշինյանի ստեղծած վիճակից դուրս գալ, գտնել այլ ելք, քան Արցախից հետո Սյունիքում զիջելն է։

«Սակայն հայ գործընկերոջս հետ երկար քննարկման ընթացքում անդրադարձել ենք կողմերի միջև վստահության շատ ցածր մակարդակին, որը լիովին հասկանալի է։ Ինչ վերաբերում է մեզ, մեր դիրքորոշումը երբեք չի փոխվել։ Ինչպես 2003 թվականին ասացի, որ Ղարաբաղը մեր հողն է, ասել և շարունակում եմ ասել նույնը այս 22 տարիների ընթացքում։ Բայց հայկական դիրքորոշումը փոխվել է։ Եվ որտե՞ղ է երաշխիքը, որ այնայլևս չի փոխվի։ Կա՞ նման երաշխիք։ Հաշվի առնելով ստուգաբանությունը, գիտակցության էվոլյուցիան։ Ես նման երաշխիք չունեմ, հետևաբար երաշխիք պետք էլինեն միջազգային իրավական նորմերը և փաստաթղթերը, որոնք, ինչպես ես ասացի ԱբուԴաբիում, երկաթբետոնե ամրությամբ կփակեն անջատողականության դագաղի կափարիչը։ Եվ դրա համար անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Տրամաբանությունը պարզ է։ Եթե հայկական կողմը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, և Մինսկի խումբը ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության համար, ապա այն պետք է լուծարվի։ Դրա համար անհրաժեշտ են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ, որպեսզի Անկախության հռչակագիրը, որում կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, դուրս բերվի Սահմանադրությունից»,- հայտարարել է Բաքվի օկուպանտը։

Այս պնդումներից հետո և այս պնդումների համատեքստում է Ալիևը հայտնել, որ «խաղաղության համաձայնագիր» կոչվածը նախաստորագրելու գաղափարը ևս ադրբեջանական է, ադրբեջանական հերթական պահանջը։ Հիմքում նույն նպատակն է, որ արված զիջումներից, Փաշինյանի զիջումներից Հայաստանը չկարողանա հետ քայլ անել։

«Այսպիսով, հիմա, երբ նրանք համաձայնել են բոլորկետերի շուրջ, ինչպես ասացի, մնացել է միայն երկու իրավական հարց՝ Սահմանադրությունը և Մինսկի խմբի լուծարումը: Երբ դա տեղի ունենա, փաստաթուղթը կարող է ստորագրվել: Այո, այն կարող է նախապես նախաստորագրվել: Եվ սա այն գաղափարներից մեկն էր, որը ադրբեջանական կողմը առաջ քաշեց Աբու Դաբիում։ Նախաստորագրումը, ինչպես գիտեք, չի նշանակում ստորագրում: Մի բան է, երբ բանավոր ասում ես, որ համաձայնել ես, և մեկ այլ բան, երբ ստորագրությունդ դնում ես յուրաքանչյուր էջի տակ և ասում՝ «գործն ավարտված է»: Մենք իսկապես շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի կնքմանը: Կարծում եմ, որ այս գործընթացն անշրջելի է: Ես չեմ տեսնում որևէ հնարավորություն, որ դա կրկին տեղի ունենա: Որովհետև մենք չենք վերանայելու համաձայնագիրը: Բայց եթե Հայաստանը մի օր որոշի վերանայել համաձայնագիրը, դա կնշանակի, որ նրանք խաղաղություն չեն ուզում, նրանք միայն մեր տարածքներն են ուզում: Այնպես որ, կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Նրանք պարզապես պետք է կատարեն իրենց տնային աշխատանքը: Երբ դա արվի, համաձայնագիրը կստորագրվի, և դա, իհարկե, մեծ փոփոխություն կլինի ամբողջ տարածաշրջանի համար», -հայտարարել է Ալիևը։

Ալիևն ուղիղ տեքստով հայտարարում է, որ Փաշինյանին տնային աշխատանք է հանձնարարել։ Եվ Մինսկի խումբը լուծարելը, Հայաստանի Սահմանադրությունը փոխելն այդ աշխատանքի միայն հրապարակային, հայտարարված մասն են։

Բացի այդ Ալիևի հենց այս վերջին հայտարարությունն է բացահայտ ցուցիչ, որ Բաքվում դիտարկում են Հայաստանում քաղաքական փոփոխությունների հնարավորությունը և փորձում են Փաշինյանի զիջումներն անշրջելի դարձնել Հայաստանի հաջորդ իշխանության համար։ Այնպես որ, եթե հայտարարվի Փաշինյան-Ալիև «խաղաղության համաձայնագիր» կոչվածը նախաստորագրելու մասին և Փաշինյանը դա ներկայացնի որպես հերթական ձեռքբերում, ևս մեկ քայլ դեպի խաղաղություն, պետք է հիշել, թե ինչի համար է իրականում Ալիևին պետք նախաստորագրելը։

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a Comment