Եթե քո մեջ ազատագրելու տենչ կա, գնա Ջերմուկի, Իշխանասարի, Սեւ Լճի, Խնձորեսկի, Սիսիանի, Կապանի օդանավակայանի այն կողմի դիրքերը ազատագրի»

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ այսօր տարածված այն լուրին, թե Ջերմուկի հատվածում ադրբեջանական կողմը հայկական նոր դիրք է գրավել: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հերքել է այդ լուրը՝ նշելով. «Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այդ տեղեկատվությունը ես էլ տեսա: Ճշտելու համար խոսել եմ մի քանի ջերմուկցիների հետ, որոնք, ըստ էության, հաստատում են Yerkir.am-ի տեղեկատվությունը, որ չվերահսկվող մի դիրք, շատ կարեւոր դիրք, որը շատ մոտ է Ջերմուկին, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Հիմա տրամաբանական հարց: Նիկոլը անընդհատ ինչ-որ բան է ուզում «ազատագրել»: Հիմա էլ ուզում է եկեղեցին «ազատագրի»: Եկեղեցին 1700 տարի ազատագրված է, Նիկոլ: Եթե քո մեջ ազատագրելու ինչ-որ մղում կա, գնա Ջերմուկի դիրքերը ազատագրի, Իշխանասարի դիրքերը ազատագրի, Սեւ Լճի դիրքերը ազատագրի, Խնձորեսկի, Սիսիանի, Կապանի օդանավակայանից այն կողմի դիրքերը ազատագրի: Ազատագրի բոլոր այն դիրքերը, որոնք 2021 թվականի մայիսի 12-ից ներառյալ պարբերաբար զավթվել եւ զավթվում են ադրբեջանական նախիրի կողմից: Ոչ թե Ջերմուկի օկուպացված դիրքերում որեւէ գործողություն չանեք եւ ձեր գենշտաբի պետը հայտարարի, որ ոչ մի բան չենք անում, սպասում ենք, որ իրենք սովածանան կամ լողանալ ուզենան, իրենք-իրենց հետ քաշվեն: Հետ քաշվեցի՞ն: Իհարկե, ոչ: Այնտեղ ինժեներական հսկայական դիրքավորումներ են արել:

Ես եւս ուզում եմ անդրադառնալ հարցին, որ պատերազմից հետո Ջերմուկ քաղաքի բնակչության գերակշիռ մեծամասնությունը «դուխով» էր, «հպարտ» էր: Անգամ զոհվածի մայրը «հպարտ» էր եւ ասում էր. «Նիկոլը լավա արել, որ տարել է բայրաքթարների տակ իմ երեխուն սպանել է»: Ավելին, հիշո՞ւմ եք, որ այնտեղ՝ Ջերմուկում, մեր զինվորականները տեւական ժանամակ չէին կարողանում մոտենալ, որպեսզի դիրքերի արանքում ընկած դիակները հանեին: Ծնողը հեռադիտակով ամեն օր տեսնում էր վայրի գազանների կողմից հոշոտվող իր որդու դիակը, բայց մեր ուժերը չէին կարողանում տեւական ժամանակ մոտենալ, մեր այդ դիակները բերելու համար:

Միջազգային բոլոր կառույցներում ես մեծ սլայդներով ցուցադրում եմ ոչ թե գազանների, այլ ադրբեջանցիների կողմից հայ կին ազատամարտիկների հոշոտված, անարգված, մասնատված, պղծված դիակները: Եվ այդ ամենը տեսնելուց հետո, Նիկոլ, ինչ որ բա՞ն ես ուզում ազատագրել: ՕԿ, գնա, ազատագրի բոլոր այն դիրքերը, որոնք պատերազմից հետո զավթվել են ադրբեջանական զինուժի կողմից: Եվ հարցին. «Չէք պատրաստվո՞ւմ դուրս գալ Ջերմուկի դիրքերից, Ալիեւը պատասխանել է. «Ոչ: մեր զինվորը կանգնած է այնտեղ, որտեղ պետք է լինի կանգնած»:

Ու դրա անունը խաղաղություն է ըստ Նիկոլի, խաղաղություն է ըստ Ալիեւի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment