ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։
Խաղից առաջ ռումինական ակումբի կիսապաշտպան, ավագ Ալեքսանդրու Կիպչուն կիսվել է իր սպասումներով։
«Ես լիովին պատրաստ եմ այս խաղին: Տարիների ընթացքում ամեն ինչ այլ կերպ ես ընկալում, բայց ես սովոր եմ Եվրոպայում խաղալուն: Պարզ է, որ հեշտ հանդիպում չի լինելու: Մենք Հայաստան չենք եկել հեշտ հաղթանակի ակնկալիքով: Սա դժվար խաղ է լինելու, մենք դա գիտակցում ենք և հույս ունենք հաղթանակ տանել: Շատ ուրախ եմ և անհամբեր սպասում եմ խաղին, բայց ամենակարևորն այն է, որ մենք մարդկանց հույս ենք տվել՝ վերադառնալու եվրոպական ֆուտբոլ: Մենք վերլուծել ենք մրցակցին. նրանք զգալի փոփոխություններ են կատարել, ունեն տարբեր ազգերի խաղացողներ և որակյալ թիմ են: Կարծում եմ՝ հավասար պայքար կծավալվի, բայց նրանք համախմբվածություն չունեն: Մենք ունենք այդ առավելությունը և հստակ գիտենք, թե ինչ պետք է անենք: Ամենակարևորն է հարմարվել խաղի պայմաններին՝ շոգ եղանակին և մարզադաշտին: Պետք է արագ ընտելանանք եվրոպական մրցաշարի ոճին և լիովին կենտրոնանանք։
Ինքնաթիռում ապրածս անմոռանալի էր: Երկրպագուների էներգիան և ուրախությունը, որ մենք խաղում ենք Եվրոպայում, մեզ ոգեշնչում է խաղալ լիակատար նվիրումով, պայքարով և կրքով: Չէի կարող պատկերացնել, թե այդպիսի էներգիա կլինի ինքնաթիռում: Քանի որ մարզադաշտի տարողությունը սահմանափակ է, 300-400 երկրպագուի ներկայությունը բավարար է մթնոլորտը տիրելու համար: Դա մեզ համար մեծ առավելություն կլինի: Իսկապես չէի սպասում նման խանդավառ մթնոլորտ: Կարծում էի, որ Երևան հասնելը դժվար կլինի, բայց երկրպագուները կազմակերպվել են: Ոմանք ժամանել են մեզ հետ, մյուսները՝ այլ ուղիներով: Այս էներգիան անչափ կարևոր է մեզ համար՝ վաղվա խաղում հաջողության հասնելու համար»,- Կիպչուի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 24-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի 20:00-ին։