Կան բողոքարկման մեխանիզմներ, որոնցից Կառավարությունը կարող է օգտվել. Արտաշես Խալաթյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշման մասին

«Ստոկհոլմի արբիտրաժն է այս գործը քննում, որովհետև Սամվել Կարապետյանը հանդիսանում է նաև Կիպրոսի քաղաքացի, և որքան ես գիտեմ այն կազմակերպությունը, որը ՀԷՑ-ի սեփականատերն է, նույնպես գրանցված է Կիպրոսում: Կարապետյանները՝ որպես ՀԷՑ-ի սեփականատերեր, հղում են կատարել 1995 թվականի Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված ներդրումների պաշտպանությանը վերաբերող միջազգային պայմանագրին, հետևաբար կողմերն այդ պայմանագրով արբիտրաժային համաձայնության կետ ունեն՝ արբիտրաժային դատարան դիմելու իրենց իրավունքի մասին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշմանը՝ ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:

Խալաթյանն ընդգծեց, որ արբիտրաժային դատարանի ստորագրությամբ և կնիքով փաստաթուղթ չկա, իսկ այն, ինչ գրված է Կարապետայնների հայտարարության մեջ՝ ունի սուբյեկտիվ տարրեր. «Իրենց ներկայացրած տարբերակով կա որոշակի հակասություն միջանկյալ միջոցի կիրառման որոշման շրջանակի հարցում, այսինքն՝ այդ որոշմամբ չէր կարող նման կտրուկ տերմինաբանություն կիրառվել և նման տեսակի հարցեր դատավարության այս փուլում լուծվել: Ըստ սահմանման՝ սա չի կարող լինել մի որոշում, որտեղ վեճը դեռ չսկսկված արդեն լուծում ստանա»:

Ըստ Խալաթյանի՝ վերը նշված համաձայնագրով չի արգելվում պետականացման կամ ազգայնացման գործողությունը, բայց խիստ խահանջներ են դրվում այդ գործողության ազգայնացման լեգիտիմության համար. «Դա պետք է հետապնդի իրավաչափ հանրային պետական շահ, պետք է լինի ոչ խտրական, պետք է համապատասխանի ՀՀ-ի պարագայում ՀՀ օրենսդրությանը և ձեռնարկատերը պետք է ստանա արագ, արդարացի փոխհատուցում, այդ բոլոր պայմանների միաժամանակյա առկայության պարագայում կարող է խոսք լինել լեգիտիմ ազգայնացման մասին: Ըստ էության, խոսվում է այն մասին, որ արբիտրաժային տրիբունալն այսպես հապշտապ իբրև թե որոշում է կայացրել պետականացման արգելքի մասին, վերը նշված պայմանների առկայությունը մանրակրկիտ վերլուծության պետք է ենթարկվի արբիտրաժային տրիբունալի կողմից և դատավարության այն փուլում, որում այսօր կողմերը գտնվում են՝ վեճը լուծող որոշում չի կարող կայացվել: Այստեղ պետք է բացառել այն մանիպուլյացիաները, երբ խոսք է գնում այն մասին, որ ազգայնացումն ըստ սահմանման անհնար է, չի թույլատրվում և այլն»:

Ինչ վերաբերում է այն որոշմանը, թե ՀՀ-ն պետք է ձեռնպահ մնա ՀԷՑ-ի վերաբերյալ ընդունված օրենքների դրույթների կիրառումից՝ Խալաթյանը նշեց. «Եթե վերցնենք, որ դա ճիշտ է, ապա այստեղ կա բավականին հետաքրքիր իրավիճակ, կարծում եմ, որ տվյալ պարագայում արբիտրաժային տրիբունալը գերազանցել է իր իրավասությունը նման միջանկյալ միջոց կիրառելիս: Այստեղ ընդամենը խոսքը ժամանակավոր կառավարիչ նշանակելու Կառավարության լիազորության մասին է, իսկ ժամանակավոր կառավարիչ նշանակելը նպատակ ունի կանխել տնտեսվարողի գործողությունների հետևանքով էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգները, այստեղ համաչափության սկզբունքը լիարժեքորեն պահպանված է: Եթե արբիտրաժային տրիբունալը նման միջանկյալ միջոց է կիրառել, ապա այստեղ հարց է առաջանում այդ որոշման իրավաչափության և հիմնավորվածության վերաբերյալ: Կան բողոքարկման մեխանիզմներ, որոնցից Կառավարությունը կարող է օգտվել»:

Անդրադառնալով այդ որոշման վերաբերյալ Կառավարության պատասխանին՝ իրավագետը նշեց. «Կառավարության արձագանքը որոշակիորեն թույլ է տալիս պնդել, որ խնդիրը միջանկյալ միջոցի իրավաչափության մեջ է և կարող ենք ասել, որ արբիտրաժային դատարանը դուրս է եկել միջանկյալ միջոցի կիրառման նպատակահարմարության շրջանակից, որովհետև ժամանակավոր կառավարչի նշանակումը չի խախտում ՀԷՑ-ի սեփականատերերի որևէ հիմնարար իրավունք: Այս ժամանակավոր կառավարչի նշանակումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել արբիտրաժային դատարանի կողմից ապագայում կայացվելիք որոշման կատարումը: Ժամանակավոր կառավարիչը, եթե կարգի է բերում սեփականատիրոջ ձեռնարկության մենեջմենթը, դա սեփականատիրոջ շահերից է բխում: Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում այս պահին ՀԷՑ-ի մենեջմենթը լավարկելու ուղղությամբ, այս պահին ՀԷՑ-ի ազգայնացման ուղղությամբ որևէ իրավական գործողություն տեղի չի ունենում: Կարծում եմ՝ պետք է միջոց ձեռնարկել՝ այդ միջանկյալ միջոցը վիճարկելու և դրա վերացմանը հասնելու համար»:

Ըստ Խալաթյանի՝ կա հարցի իրավական և քաղաքական կողմը. «Կառավարությունը պետք է այդ իրավական միջոցները սպառի, դա նաև թույլ կտա հետագա զարգացումների պատասխանատվությունը թողնել արբիտրաժային դատարանի ոչ պատշաճ գործունեության վրա, դա շատ կարևոր է նաև երկրի միջազգային իմիջի տեսանկյունից, որ ոչ թե պետությունն ուղղակի կամայականորեն չի կատարում արբիտրաժային դատարանի որոշումը, այլ ձեռնարկում է իրեն հասանելի բոլոր իրավաչափ քայլերը՝ արբիտրաժային դատարանում այդ միջանկյալ միջոցի չեղարկմանը կամ ձևափոխմանը հասնելու համար: Եթե դատարանը չի փոխում իր որոշումը, այստեղ արդեն գալիս ենք քաղաքական հատվածին: ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և այս պարագայում պետությունը նախ և առաջ պետք է ելնի իր ինքնիշխան իրավասությունից և չկատարի միջանկյալ այս միջոցը, որովհետև վերջինս կամայականորեն սահմանափակում է պետության իրավասությունն ի շահ քաղաքացիների: Միջազգային պրակտիկայում շատ են այդպիսի դեպքերը: Մենք ունենք նաև միջանկյալ միջոցի կատարման հետ կապված ընթացակարգ, կարող է լինել դատական ստուգում՝ արդյոք այդ որոշումը համապատասխանում է նվազագույն չափանիշներին, դեռ այս ընթացակարգն էլ կարող է օգնության հասնել՝ հրաժարվելու համար այդ միջանկյալ միջոցը կիրառելուց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment