Վարդավառ. ավանդույթների խորհուրդն ու նշանակությունը․ «Հայագիտակ»

Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որն այս տարի նշվում է հուլիսի 27-ին։ Այն շատ ավելին է, քան պարզապես ուրախ ջրոցին։ Այս լուսավոր ու դարերի խորքից եկող տոնը կրում է խորը հոգևոր և ազգագրական իմաստ։

Ինչպես նշում է ազգագրագետ, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, Վարդավառին նախորդում է մեկշաբաթյա պահքը, որի ընթացքում հավատացյալները պետք է զերծ մնան մսեղենից, մաքրեն իրենց հոգին՝ խուսափելով գայթակղիչ վայելքներից։

Քրիստոնեությունից դեռ շատ դարեր առաջ, մարդիկ այս տոնը նշել են որպես բերքահավաքի և դրա համար պատասխանատու աստվածություններին, այդ թվում՝ Անահիտ-Աստղիկ աստվածուհուն շնորհակալություն հայտնելու ծես։ Այն ուղեկցվել է երգով ու պարով, ուրախ խաղերով։ Երբ քրիստոնեությունը որդեգրեց Վարդավառը որպես Քրիստոսի Պայծառակերպության տոն, այդ օրը սկսեցին այցելել սրբավայրեր, զոհեր մատուցել, միասին տոնել և ուրախանալ։

Հատկանշական է, որ այդ օրը վերանում է նաև նոր բերքի խնձոր ուտելու արգելքը, և մարդիկ վայելում են խարույկի մեջ խորոված խնձորը։ Իսկ ջրոցին պարզապես ավելի ուրախ ու աղմկոտ է դարձնում Վարդավառը՝ լրացնելով տոնական մթնոլորտը։ Ինչպես բոլոր տաղավար տոների ժամանակ, Վարդավառի հաջորդ օրը Մեռելոց է, ինչը հանգուցյալներին հիշելու և նրանց հիշատակը հարգելու ևս մեկ առիթ է։

Leave a Comment