Զինված բախումներ՝ Թաիլանդի և Կամբոջայի սահմանին. կողմերը
միմյանց են մեղադրում սահմանին բախումներ սկսելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ բախումները սկսվել են այսօր առավոտյան՝ երկու երկրների
սահմանին գտնվող վիճելի Տա Մոան Թհոմ տաճարի մոտ:
Թաիլանդի Սուրին նահանգի իշխանությունները հայտարարել են,
որ Կամբոջան հրետանային կրակ է բացել բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել են տեղի
երկու բնակիչներ: Թաիլանդի բանակը հայտարարել է, որ Կամբոջայի զորքերը կրակ են
բացել՝ վիրավորելով երկու թաիլանդցի զինվորի:
Կամբոջայի
պաշտպանության նախարարության ներկայացուցիչը
հայտարարել է, որ թաիլանդական զորքերը իրականացրել են չհրահրված ներխուժում, և
կամբոջական ուժերը պատասխանել են ինքնապաշտպանության նպատակով։
Երկու կողմերի տեղեկություններով՝
բախումների սկսվելուց հետո թաիլանդական բանակի F-16 կործանիչը գրոհել է
Կամբոջայում գտնվող թիրախները։ Թաիլանդական բանակի պնդմամբ՝ հարվածի է ենթարկվել
ռազմական թիրախը։ Իր հերթին Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտարարել
է, որ կործանիչները երկու ռումբ են նետել ճանապարհի վրա։ Կամբոջայի զինվորականները
հայտարարել են, որ «խստորեն դատապարտում են Թաիլանդի Թագավորության անխոհեմ և
դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության
դեմ»։