«Դոգը» հորդորում է Փաշինյանին ժողովրդին չտանել բախման

Ավելի քան հինգ ամիս ԱՄՆ-ում կալանավորված «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը Հենդերսոնի մեկուսարանից կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ժողովրդին մասնակից չդարձնել իր «հանցագործությանը» և չտանել բախումների:

Հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսելով Կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու իր մտադրության մասին, Ֆեյսբուքում գրել էր. – «Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

«Եթե խնդիր ունես Գարեգինի հետ, լուծի դա դռների ետևում, դռները փակեք, իրար միս կերեք ինչքան ուզում եք: Բայց ո՞նց ես քո հանցագործությանը մասնակից դարձնում անմեղ ժողովրդին», – հայտարարում է Ղուկասյանը:

Փաշինյանին ուղղված կոչից բացի, ԱՄՆ միգրացիոն կարգը խախտելու պատճառով կալանավորված և Հայաստանում մի շարք հոդվածներով մեղադրվող Վարդան Ղուկասյանը նաև հորդորում է իր հետևորդներին չմիանալ վարչապետի մտադրությանը և չմասնակցել Էջմիածնի հրապարակում նրա հայտարարած «հոգևոր հավաքին»:

ԴՕԿ կուսակցության ղեկավարի համոզմամբ՝ Փաշինյանը ժողովրդին տանում է բախման. – «Ես համոզված եմ, որ որոշակի աղանդավորականներ, որոշակի թրքահպատակներ, անհավատ, սատանիզմով տառապող անձինք կգան Էջմիածին, և դա բերելու է բախումների: Հորդորում եմ՝ սիրելի ժողովուրդ, զերծ մնացեք այդ […] նախաձեռնած էդ հանցավոր միջոցառումից»:

Հայհոյախախառն արտահայտություններով հայտնի Վարդան Ղուկասյանը, ներկայանալով որպես հավատացյալ, քաղաքացիներին հորդորում է Փաշինյանի հայտարարած նախաձեռնությանը միանալուց առաջ մտածել, թե այն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Եվ խոսքն այստեղ ոչ միայն բախումներից, այլև, նրա ձևակերպմամբ, «երկնային գրասենյակի անեծքից» խուսափելու մասին է: Ինչպես Ղուկասյանն է ասում՝ անգամ ինքը իրեն նման բան թույլ տալ չի կարող:

«Մտածեք ձեր ապագայի մասին, մտածեք ձեր սերունդների մասին, մտածեք՝ ինչ պատասխան եք դուք տալու վաղը ձեր զավակներին, և, վերջիվերջո, դուք հավատացյալ ժողովուրդ եք, եթե իրոք հավատացյալ եք, վախեցեք երկնային գրասենյակի՛ անեծքից: Չի կարելի մտնել մի տարածք, որը որ հավիտյանս հավիտենից համարվում ա հավատացյալ ժողովրդի համար Աստծո ոտքը դրված վայր, իջել է միածին՝ Էջմիածին, և պղծել հիմա ըտեղ, կներեք, անգամ ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ», – հայտարարում է «Դոգը»:

Վարդան Ղուկասյանը մեկուսարանից երեկ հրապարակված ձայնագրության մեջ նշում է, թե իր վերաբերմունքը Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ նույնպես բացասական է, քանի որ, նրա խոսքով, Հայաստանում աղանդավորների թվի ավելացումը հենց նրա մեղավորությունն է, բայց, միևնույն ժամանակ, ԴՕԿ կուսակցության ղեկավարը կարծում է, որ Փաշինյանն իր հարցերը Կաթողիկոսի հետ պարզելիս ժողովրդին պետք է հանգիստ թողնի, հիշեցնելով՝ անգամ Խորհրդային Միության տարիներին կոմունիստները ժողովրդին չտարան եկեղեցու դեմ:

Leave a Comment