Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի․ Ռոբի Քին — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» վաղը՝ հուլիսի 22-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։

Խաղից առաջ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր ակնկալիքներով, ինչպես նաև խոսել թիմի պատրաստվածության մասին։

«Ֆուտբոլիստներն անցել են ինտենսիվ մարզումների շրջան, քրտնաջան աշխատել են և այժմ պատրաստ են ցույց տալ իրենց լավագույն խաղը։ Մենք մանրակրկիտ վերլուծել ենք «Նոայի» խաղերը։ Նրանք ունեն տաղանդավոր խաղացողներ, ուստի մենք պետք է լինենք առավելագույնս կենտրոնացած։ Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը և լիովին պատրաստ ենք մրցակցությանը։

Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի։ Երբ ես ստանձնեցի թիմի ղեկավարումը, նա այստեղ չէր, սակայն վերադարձից հետո մենք բաց և հստակ խոսակցություն ունեցանք։ Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը․ նա տեխնիկապես շատ ուժեղ է, հաշվենկատ է մենամարտերում և կարող է դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Էդգարը, ինչպես նաև մյուս նորեկները, հիանալի կերպով ինտեգրվել են թիմում և պատրաստ են խաղադաշտ դուրս գալ», — Քինի խոսքն է մեջբերում «Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք հանդիպման մեկնարկը 20։00-ին է։ 

Leave a Comment