Ինչպես տեսանք, հանրային այս արձագանքը տվեց իր արդյունքը. Իրավապաշտպանը՝ աղմկահարույց դեպքի եւ զարգացումների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշումը: Այդ համատեքստում նաև կխնդրեմ գնահատեք ՄԻՊ-ի հայտարարությունը թեմայի վերաբերյալ:

– Վարույթն իրականացնող մարմինը դրսևորել է օրենքով սահմանված ամենակոշտ մոտեցումը, որովհետև ազատությունն ընդհանրապես բարձրագույն արժեք է, և ազատության ցանկացած սահմանափակում պետք է կայացվի ծայրահեղ դեպքերում: Այս դեպքում ոչ այնքան ծայրահեղության խնդիր է, որքան մարդասիրական մոտեցման խնդիր, քանի դեռ չկա ազատազրկման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում, պետք է ամեն կերպ խուսափել, հատկապես անչափահաս երեխաներ ունեցող մայրերին, կրծքով կերակրվող երեխա ունեցող մայրերին ազատությունից զրկել ու տանել քրեակատարողական հիմնարկ, ընդ որում՝ այդ գործընթացին անմիջապես հաջորդել է առողջական խնդրի առաջ գալը, քանի որ երեխան միանգամից արձագանքել է միջավայրային փոփոխությանը, որովհետև այդ տարիքի երեխաները չափազանց զգայուն են: 

Փաստն այն է, որ երեխայի մոտ առաջացել է առողջական խնդիր, ու նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց, ինչը նշանակում է, որ միջավայրային ու նաև սննդի հետ կապված խնդիրներ են եղել: Դատարանը մշտապես պետք է շատ-շատ զգայուն լինի խնդիրների նկատմամբ, կանանց նկատմամբ հատկապես, որովհետև կինը երեխայի համար պատասխանատու անձն է ու կերակրում է երեխային, հետևաբար ցանկացած էմոցիոնալ փոփոխություն ազդելու է կրծքով կերակրվող երեխայի վրա: 

Ինչ վերաբերում է այս դեպքի վերաբերյալ հնչած արձագանքներին, ապա հասարակությունը շատ իրավացի է, որովհետև մենք տեսնում ենք՝ բազմաթիվ գործերի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը չի պահանջում ամենաբարձր տիպի խափանման միջոցը՝ կալանքը։ Սա իրականում ճիշտ է, որովհետև կալանքը պետք է իրականացվի այն դեպքում, երբ այլընտրանքային մեթոդներ այլևս չեն գործում: 

Այս դեպքում կարդում ենք, որ տնային կալանք իրականացնելը հնարավոր չէ, որովհետև տվյալ անձը ապրում է վարձով, իսկ տան սեփականատերը չի համաձայնել այնտեղ իրականացնել նման գործողություններ, թող փոխեին բնակարանը: Լուծումներ միշտ կարելի է գտնել, եթե կա մարդասիրական մոտեցում: Պետությունը ցանկացած պարագայում պետք է իր քաղաքացուն պաշտպանի, հատկապես այս պարագայում պետք է առաջնորդվեր երեխայի լավագույն շահով, ինչը չի դրսևորվել: 

Կա նաև համակարգային խնդիր, որովհետև այս պահին քրեակատարողական հիմնարկներում ավելի շատ կալանավորված անձինք են, քան դատապարտյալներ, կալանավորված անձինք առնվազն 200-ով ավելի են դատապարտյալներից:  

ՄԻՊ-ի արձագանքն այս պարագայում ավելի շատ կենտրոնացած էր երեխայի վրա, որ դեմքով ցուցադրում են երեխային և այլն, ինչը մեր երկրում ևս համատարած խնդիր է։ Դրանից մի քանի օր առաջ վարչապետն այցելել էր «ՍՕՍ-մանկական գյուղեր», և այնտեղ ամբողջովին երեխաները ցուցադրված էին բաց դեմքով, ինչը երեխայի իրավունքների խախտում է: 

ՄԻՊ-ի արձագանքում, իհարկե, առիթը պետք է լիներ խափանման միջոցը կալանք կիրառելը, իսկ երեխայի վերաբերյալը երկրորդ խախտումն էր, որը կարող էր շոշափվել: 

Պահման պայմանների մասով կցանկանամ ասել, որ այն նկարները, որոնք տարածվեցին, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը, որովհետև այդ խցերը վերանորոգվել են, փոխվել են պայմանները, իսկ տարածված լուսանկարները պատժախցի էին, այն էլ՝ շատ վաղ շրջանի: 

– Կարո՞ղ ենք ասել, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը Հայաստանում չարաշահվում է կամ անտեղի է կիրառվում:

– Շատ է կիրառվում, ու այլընտրանքային միջոցները, որոնք առկա են, ոչ այնքան ազդել են կամ ավելացել, տնային կալանքն է ավելացել վերջին տարիներին, բայց դեռևս մեծ է մնում կալանքի թիվը: Փաստացի, մարդուն ավելի հաճախ  են ազատությունից զրկում` կալանք կիրառելով, քան օրինական ուժի մեջ մտած վճիռներով:

– Ի՞նչ է պետք անել, որպեսզի այս իրավիճակը շտկվի: 

– Այն, որ հասարակությունն արդարացիորեն վրդովվեց, շատ-շատ կարևոր է, որովհետև հասարակական պահանջը պետք է դրդի այլ պրակտիկայի կիրառման, ու դատավորները պետք է աստիճանաբար մարդասիրական մոտեցում ունենան իրենց գործունեության առանցքում: 

Ինչպես տեսանք, հանրային այս արձագանքը տվեց իր արդյունքը, ու հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթոսյանը, որն օրեր առաջ կալանքի որոշում էր կայացրել, այսօր փոխել է Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը` սահմանելով վարչական հսկողություն և ստորագրություն չբացակայելու մասին։ 

Ըստ որոշման՝ դատարանը հաշվի է առել ամբաստանյալի պահվածքի փոփոխությունը և երեք անչափահաս երեխա ունենալու հանգամանքը։ Հիմնավորումը, իհարկե, մեղմ ասած անհասկանալի է, որովհետև երեք երեխա ունենալու փաստը մինչև նախորդ որոշում կայացնելն էր արդեն իսկ հայտնի, երկրորդ՝ այս քանի օրվա ընթացքում ի՛նչ փոփոխություններ կարող էր նկատել դատարանը, ինչևէ, կարևոր է, որ հիմա կինն անազատության մեջ չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment