
Շուրջ 2,5 դար անց հայ ժողովուրդը կանգնած է մի նոր Անգեղակոթի ու Էջմիածնի գաղտնի ժողովի գումարման անհրաժեշտության առաջ…
Ինչպես տեսնում ենք՝ պատմությունը կրկնվում է, և մեր անխոհեմության ու անհեռատեսության, պատմությունից դասեր չքաղելու պատճառով երկու և կես դար անց Հայաստանն ու հայ ժողովուրդը նորից կանգնած են թուրքական գաղութացումից ազատագրության խնդրի առաջ։ Իսրայել Օրին էլ, որը իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի համար իր բնօրրանում անկախություն կերտելու գործին, 18-րդ դարի սկզբին տասնամյակներ դեգերելով եվրոպաներում, դիմել է եվրոպական տարբեր իշխանների ու առաջնորդների՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Հայաստանի անկախության ու ազատության գործին։ Այդ խնդրով նա դիմել է Հռոմի պապին, Պֆալցի Կուրֆյուրստին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Տոսկանայի դքսին, Ֆրանսիայի արքա Լուի XIV-ի խորհրդականներին և Ռուսաց Պետրոս Մեծ արքային։ Թեև Օրին մահացել է՝ այդպես էլ չհասնելով իր նպատակներին` Հայաստանի անկախության գործին նրա նվիրումը դարձել է հաջորդ դարերի ընթացքում ազգային-ազատագրական բազում շարժումների, այդ թվում՝ ազատ և անկախ Հայաստանի համար տարվող պայքարի նախակարապետը։ Կիմանա՞ր արդյոք այն ժամանակ Օրին, որ հայ մելիքների ու Էջմիածնի աշխարհաքաղաքական կողմնորոշումն արդարացված էր լինելու, և որ այդ կողմնորոշման արդյունքում հայ ժողովուրդն իր ոսկե դարն է ապրելու։ Որ հետո երկու անկախ ազգային պետականություն է կերտելու իր պատմական տարածքների վրա։ Որ շատ տարիներ անց հայ Մեծ մանկավարժ Աբովյանը պետք է օրհներ այն պահը, որ ռսի ոտը մտավ Հայաստան, որ հայ հանճարներից մեծ հայրենասեր ու իմաստուն Հովհաննես Թումանյանը արժևորելով ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը և կարևորելով Ռուսաստանի դերը Հայաստանի ճակատագրում՝ պետք է ասեր. «Ես չգիտեմ, թե որքանով է պետք Կովկասը ռուսներին, բայց գիտեմ, թե ինչպես են անհրաժեշտ Կովկասին ռուսները»։ Դիմելով նրանց, ովքեր կարծում էին, թե Ռուսաստանը գործել է իր շահերից ելնելով, նշել է, որ՝ «այնքան լավ է, եթե հզոր Ռուսաստանի շահերը համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ»։ Իսկ Ավետիք Իսահակյանն էլ պետք է կարծիք հայտներ, որ հայ ժողովրդի գոյությունը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ և պիտի գրեր. «Ռուսների հովանու ներքո մենք մեկ ամբողջություն ենք` զարգանալու և ամրանալու… Ես իմ արյունը թափելու եմ Ռուսաստանի դրոշի ներքո և իմ հայրենիքը փրկելու եմ կրակից, կոտորածից և սովից…»։ Որ Թումանյանն էլ Արևմուտքից հիասթափված հայ ժողովրդի ու մարդկության փրկությունը պետք է տեսներ «Աստվածային Արևելքում», իր «հոգու հայրենիքում»։ Կմտածե՞ր արդյոք Իսրայել Օրին, որ երկու և կես դար անց հայ ժողովուրդին այն աստիճան կլքի իմաստնությունն ու իրատեսությունը, որ կկրկնի նույն սխալը, ինչպես 250 տարի առաջ, ինչպես 100 տարի առաջ և դասեր չքաղելով պատմությունից նորից անվտանգության երաշխիքներ կփնտրի եվրոպաներում և չգտնելով այն, ստիպված կլինի վերստին հայացքն ուղղել դեպի Ռուսաստան։ Դեպի Ռուսաստան, որովհետև Ռուսաստանն է նախևառաջ, որ Հարավային Կովկասում ունի ազգային-պետական անկեղծ շահեր, և Ռուսաստանն է, որ լինելով միջուկային հզոր գերտերություն՝ ի զորու զսպել թուրքական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու խափանել թուրանական պետության ստեղծումը, որը կարող է հանգեցնել մեր բնօրրանից հայ ժողովրդի դուրս մղմանն ու հայկական պետականության ոչնչացմանը։ Հայ-ռուսական հարաբերություններում էլ պատմության ընթացքում եղել են անհարթություններ և դեպքեր, երբ Ռուսաստանը իր կայսերական շահերով պայմանավորված՝ զիջել է հայկական շահերը Թուրքիային կամ Ադրբեջանին։ Սակայն այսօր միակ երկիրը Ռուսաստանն է, որի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, և որը գրեթե ամենաշահագրգռվածն է Հայաստան պետության գոյությամբ։
Միաժամանակ պետք է մեկընդմիշտ լավ իմանանք, որ որևէ մեկը ավելի շատ հայ չի կարող լինել, քան մենք հայերս։ Մեզանից շատերն էլ միամտաբար կարծում են, թե այսօրվա Թուրքիան 100 տարվա առաջվանը չէ, թե քաղաքակրթության օրրան Արևմուտքը 21-րդ դարում թույլ չի տա նոր ցեղասպանություն աշխարհի որևէ մասում։ Իսկ իրականում՝ ինչպես 250, ինչպես 100 տարի առաջ ոչ մի ազգ մտահոգված չէ հայի ճակատագրով: Թուրքիան ու նրա մտադրություններն էլ երբևէ չեն փոխվելու, Թուրքիան ծրագրում է իսպառ ոչնչացնել Հայաստանը և մեր էթնոսին, իսկ Արևմուտքի հետ ազգի փրկության հույսեր պետք չէ կապել, ինչի վառ ապացույցը՝ 1915 թ. նրանց գաղտնի հանցավոր համաձայնությունն է՝ Թուրքիայի հետ, 20-րդ դարի սկզբին Ազգերի լիգայում և Լոզանի կոնֆերանսում հայկական հարցի տապալումն է, 2020թ. և 2022թ. Արցախյան և սեպտեմբերյան պատերազմներում բացահայտ անտարբերությունն էր, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված զինված գործողություններին Թուրքիայի ու ահաբեկիչների մասնակցությամբ մի ամբողջ երիտասարդ սերունդ սպանդի ենթարկվեց, երբ արգելված ֆոսֆորային ռումբեր էին օգտագործվում Արցախում։ Պրահայում Արցախի հանձնումն էր Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելի ու Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի ձեռամբ։ Ներկայումս էլ Արևմուտքի նպատակը մեծ հաշվով մրցակից պետությունները քայքայելն է, աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու և գերակա դիրք ունենալու միջոցով նրա ռեսուրսներին ու բարիքներին տիրանալն է: Իսկ մեր տարածաշրջանում՝ Ռուսաստանը թուլացնելու նպատակով, Հայաստանը Ռուսաստանից պոկելն է և այդ նպատակի համար նա պատրաստ է զոհաբերել ինչպես Հայաստանին, Վրաստանին, այնպես էլ Ուկրաինային ու այլ շատ երկրների: Հիմա, երբ ազգովին կանգնած ենք պատմական-ճակատագրական չափազանց բարդ իրավիճակի առաջ, մեզ համար կարևոր խորհուդ կարող է լինել մեր մեծերի, իմաստուն հանճարների պատգամը։
Հայկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը