ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Նոան» Պոդգորիցայում կհանդիպի «Բուդուչնոստին»։ Խաղից առաջ չեռնոգորական ակումբի 21-ամյա կենտրոնական պաշտպան Դամյան Դակիչը կիսվել է իր սպասումներով։
Մրցող թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր հայկական թիմի հաղթանակով՝ 1:0:
«Բոլորը երազում են Պոդգորիցայի մարզադաշտում անմոռանալի երեկոյի մասին, և մենք նույնպես կիսում ենք այդ երազանքը: Մեր նպատակն է մի օր լցնել մարզադաշտը և անցնել եվրոպական մրցաշարի խմբային փուլ: Այդ երազանքի առաջին և ամենակարևոր քայլը «Նոան» է, քանի որ մենք գիտակցում ենք, թե ինչ նշանակություն ունի հաղթանակը և հաջորդ փուլ անցնելը: Երկրպագուները, Պոդգորիցան, «Վարվարին», մեր ընկերները և ամբողջ Մոնտենեգրոն՝ մենք բոլորս արժանի ենք այդ հաղթանակին:
Հայաստանից բերված 0:1 արդյունքը մեզ մոտիվացնում է աշխատել, ինչպես նաև երկրպագուների ամենօրյա աջակցությունը: Թեև 0:1-ը վատ արդյունք չէ, կարևոր է պահպանել կենտրոնացումը մարզումների և խաղի ընթացքում: Մենք խաղում ենք մեր մարզադաշտում, մեր հանդիսատեսի առջև, և պատրաստ ենք ամեն ինչ տալ «Նոային» հաղթելու համար:
Գլխավոր մարզիչը նոր էներգիա է բերել, որը մենք ցանկանում ենք օգտագործել՝ շտկելու Հայաստանում կայացած խաղի սխալները: Ընդհանուր առմամբ, հյուրընկալվելիս վատ չխաղացինք, ունեինք մեր պահերը և նվազագույնի հասցրինք հակառակորդի խաղը: Ցանկանում ենք կրկնել դա՝ ավելի ագրեսիվ, արագ և կենտրոնացված խաղով: Հաջողության բանալին կենտրոնացումն է՝ հարմարվելու ցանկացած իրավիճակի և օգտագործելու մրցակցի սխալները, նույնիսկ եթե դրանք հազվադեպ են:
«Նոան» լուրջ մրցակից է, որը կարող է խաղալ տարբեր ոճերով և տակտիկապես ու կարգապահորեն շատ ուժեղ է: Նրանք, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն իրենց եզրերի արագությունը: Այնուամենայնիվ, մենք հավատում ենք մեր կարողությանը՝ պայքարելու ցանկացած մրցակցի դեմ և առավելագույնն անելու:
Այսպիսի խաղերում երկրպագուները վճռորոշ ուժ են: Նրանց աջակցությունը տալիս է հավելյալ մոտիվացիա և ճնշում է գործադրում մրցակցի վրա: Մենք զգում ենք նրանց կիրքն ու աջակցելու ցանկությունը, ինչը մեզ մղում է ավելի լավ խաղալ: Հետևաբար, հրավիրում ենք բոլոր երկրպագուներին՝ արևմտյան և հյուսիսային տրիբունաներից, երեքշաբթի օրը գալ մարզադաշտ՝ հնարավորինս մեծ թվով: Նրանց էներգիան մեզ համար հավելյալ խթան կլինի»,- Դակիչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։