Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում

Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում չի հաջողվում համաձայնության գալ։ Կողմերը տարաձայնություններ ունեն պաղեստինյան անկլավից իսրայելական զորքերի դուրսբերման հարցում, Reuters-ին հայտնել են պաղեստինյան և իսրայելական աղբյուրները, որոնք Դոհայում հետևել են բանակցությունների ընթացքին ։

60-օրյա հրադադարի վերաբերյալ Միացյալ Նահագների առաջարկի շուրջ անուղղակի բանակցությունները Դոհայում շարունակվել են շաբաթ օրը։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները Կատարում բանակցել են համաձայնագրի շուրջ, որը նախատեսում է պատանդների փուլային ազատ արձակում, իսրայելական զորքերի դուրսբերում և պատերազմի ավարտի վերաբերյալ քննարկումներ։

Իսրայելցի պաշտոնյան Reuters-ի հետ զրույցում, խոսելով բանակցությունների ընթացքի մասին, մեղադրել է ՀԱՄԱՍ-ին, ասելով, որ խմբավորումը «շարունակում է համառորեն պահպանել իր դիրքորոշումները, որոնք թույլ չեն տալիս միջնորդներին առաջ մղել համաձայնագիրը»։ ՀԱՄԱՍ-ը իր հերթին մեղադրել է Իսրայելին, որն իր պահանջներով խոչընդոտում է գործարքին։

Պաղեստինյան աղբյուրը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի առաջարկած զորքերի դուրսբերման քարտեզները, որոնք Գազայի մոտ 40%-ը թողնում են Իսրայելի վերահսկողության տակ։

Պաղեստինյան աղբյուրը նաև նշել է, որ հումանիտար օգնության և պատերազմի ավարտի երաշխիքների հարցերում նույնպես կան չլուծված խնդիրներ։ Աղբյուրը նշել է, որ ճգնաժամը կարող է լուծվել ԱՄՆ-ի ավելի ակտիվ միջամտությամբ։

Գազայում բժիշկները հայտնել են, որ շաբաթ օրը իսրայելական զորքերը կրակ են բացել հումանիտար օգնություն ստանալ փորձող 17 մարդու վրա։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր զորքերը նախազգուշական կրակոցներ են արձակել, սակայն միջադեպի ուսումնասիրությունը չի հայտնաբերել որևէ ապացույց, որ իր զինվորների կրակից որևէ մեկը տուժել է։

Leave a Comment