Ձյունիկ Աղաջանյան. «Մեր ժողովուրդն արդեն ոտք է կոխել ապաքինման գործընթաց եւ այս գործընթացը հետ շրջել այլեւս հնարավոր չէ»

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում ասաց. «Այսօրվա մեր իրավիճակն այնպիսին է, որ, որ այն քուն թե արթուն մարդու մտքում պտտվում է: Անդրադառնանք Աբու-Դաբիում այսօրվա հանդիպմանը եւ դրան նախորդած իրադարձություններին: Նախորդ անգամ էլ ասացի, որ նրան հստակ ցուցումներ տված Էրդողանը ուսին թփթփացնելով ճանապարհել է՝ ասելով. «Տղա ջան, Գնա, անելիքներդ արա»:

Եվ մեր կառավարության ղեկին նստած անձնավորությունը հլու-հնազանդ կամակատարի դիրքում հերթով իրականացնում է բոլոր հրահանգները, որոնք փաստացիորեն բխում են ընդհանրապես ընդդիմադիր դաշտը ամլացնելու գործընթացից:

Խնդիրն այն է, որ հանձնարարված է վերացնել ընդդիմություն, ցույցեր, բողոք կազմակերպելու ունակ բոլոր ուժերին: Եվ սկսել են առանցքային հենասյուներից: Իսկ առանցքային հենասյունը, բնականաբար, արժեքային առումով եկեղեցին է, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար որպես թշնամի է հռչակված, սփյուռքը, որը նույնպես թշնամի է հռչակված, եւ սփյուռքյան կառույցները, որոնց կազմակերպվածության տեսանկյունից աննախադեպ է դաշնակցությունը:

Եվ այս անձը ոչ միայն ներհայաստանյան, այլեւ դրսում այդ հենասյուների կոտրման գործընթացին է լծված: Ու պատահական չէ, որ ԱԺ մեծամասնություն կազմած խումբը ձայն տված հրահանգով փորձում էր ահաբեկչությունը որակել որպես դաշնակցությանը բնորոշիչ գիծ: Դա ճիշտ էրդողանյան ձեռագիրն է, որովհետեւ նա սովորություն ունի բոլոր գործողությունները ահաբեկչական որակել: Նույնն էր Արցախի հայաթափումը՝ հակաահաբեկչական գործողության անվան տակ եւ էթնիկ զտման միջոցով ցեղասպանություն իրագործելը:

Սա բոլոր ընդդիմադիրներին վախեցնելու, հեռացնելու, ժամանակավորապես դաշտը մաքրելու քայլ է, որպեսզի ինքն իր հանձնառությունները եւ հանձնարարությունները մեկիկ-մեկիկ հստակ իրականացնելու հնարավորություն ունենա:

Այսօրվա հանդիպումը փաստացիորեն նվեր էր Թրամփին: Եվ այն, որ այդ հանդիպումները էական տեղաշարժ չեն արձանագրել, սպասելի էր, որովհետեւ բազմիցս նշել եմ, Ադրբեջանը խուսափում է Արեւմուտքի հանդեպ իր հանձնառումների կատարումից, որը ենթադրում է Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել: Եվ դրա համար Ալիեւը տարբեր միջոցներով ու եղանակներով փորձում է մանեւրել իրավիճակը սրելով, նոր պահանջներ ներկայացնելով, որն իր կարծիքով հանրային մեծ ընդվզման բարդություն կներկայացնի այս իշխանության համար: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է այս իշխանությունը մանիպուլացնելով ուղղակի մատուցարանի վրա մեր հայրենիքի կտորները մաս-մաս հանձնում հանուն նրա, որ ստանա մի թուղթ, որի վրա գրված լինի խաղաղություն ու տակը՝ ստորագրություն, որով կփորձի վերընտրվել եւ իր ու իր խմբակի մորթը փրկել:

Բայց չի ստացվելու: Կարծում եմ՝ մեր հանրային դիմադրության տարրերը սխալ են գնահատվում այս իշխանությունների, իրենց հետեւում կանգնած թելադրիչների եւ նրանց վերեւում կանգնած ամերիկա-բրիտանական ուղեղների կողմից: Իրենց թվում է, որ գումարով եւ վախով կարող են ամեն ինչ ստանալ: Կարծում եմ, մեր ժողովուրդն արդեն ոտք է կոխել ապաքինման գործընթաց: Դա շատ ցավոտ ու դժվար է ընթանում: Յուրաքանչյուր շերտ իր դրվագային էտապն ունի, որ հասկանում է, թե ինչ է կատարվում եւ արդեն սկսում է ըմբոստանալ: Ու այս գործընթացը հետ շրջել այլեւս հնարավոր չէ:

Խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք, որ քանի հանրային դիմադրությունը ակտիվ է, տեսանելի է, սա չի կարող իր հանձնառությունները կատարել: Եվ այն, որ այս առաջնորդները միայնակ չեն եւ նրանց շարքերը նոսրանալու պարագայում նորերն են առաջ գալու, միանշանակ է: Սա գլխավորներին հեռացրեք եւ մնացածը հլու- հնազանդ կցրվեն տարբերակը չէ, քանի որ մենք գործ ունենք հայրենիքի, պետության եւ ընդհանրապես ազգի գոյության հետ»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment