Անշարժ գույքի շուկայում գնանկում է նկատվում — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանի անշարժ գույքի շուկայում նոր միտումներ են նկատվում։ Վերջին ավելի քան տասը տարում՝ թերևս առաջին անգամ, բնակարանների գները, թեև քիչ, սկսել են նվազել։ Պակասել է նաև գործարքների թիվը։ Փորձագիտական դաշտում այդ միտումները բնական են համարում, նշում են, որ, ըստ էության, շուկան կարգավորվում է։ Հիփոթքային շուկայի գերտաքացման ռիսկերը նույնպես այս պահին թուլացել են։ Շինարարության ոլորտը, սակայն, շարունակում է երկնիշ աճ արձանագրել։

Վերջին ավելի քան տասը տարում Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը շարունակաբար ավելանում էր։ Կիսամյակային տվյալներ դեռ չկան, բայց հինգ ամսվա ցուցանիշները վկայում են, որ մեկ տարում՝ 2025-ի մայիսին, 2024-ի մայիսի համեմատ, գործարքների թիվը նվազել է մոտ 6,5 տոկոսով: Գործարքների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ մոտ 30 տոկոս:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը «Ռադիոլուր»-ին հայտնում է, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, սոցիալ տնտեսական խնդիրները իրենց ազդեցությունը թողել են նաև Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։

«Հայաստանը բավական զգայուն է արտաքին աշխարհի ցնցումների նկատմամբ, ուստի տնտեսությունն անմասն մնալ չի կարող։ 2021-2024 թթ․ ռեկորդային ակտիվություն էր Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Այժմ, կարելի է ասել, որոշակի հավասարակշռություն է հաստատվել»։

Մարզերի կտրվածքով առաջատարը Կոտայքն է, ապա Արմավիրը և Արարատը։ Առքուվաճառքի գործարքների ավելի բարձր տոկոսաչափ՝ 39,8%, գրանցվել է հողերի, այնուհետև բնակարանների (34,3%) նկատմամբ: Փորձագետն ընդգծում է՝  Հայաստանի անշարժ գույքի շուկան նոր փուլ է մտել։ Միտումներից մեկն էլ գների փոքր-ինչ նվազումն է՝ ի տարբերություն վերջին տարիների, երբ անշարժ գույքի ոլորտում շարունակական աճ էր արձանագրվում։

«2025 թ. մայիսին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գներն ապրիլի համեմատ նվազել են 0,3%-ով, իսկ 2024 թ. մայիսի համեմատ՝ աճել 0,3%-ով։ Ամենաբարձր գները, ըստ վարչական շրջանների, գրանցվել են Կենտրոնում, Արաբկիրում և Դավթաշենում։ Կենտրոն վարչական շրջանում ընդհանուր առմամբ բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը նվազել է մոտ 3 տոկոսով։ Սա համարվում է մեծ անկում»:

Շուկայի ակտիվությունը պայմանավորված էր մի շարք գործոններով՝ ռուս-ուկրաինական պատերազմ, Արցախյան խնդիր, կառուցապատողից բնակարան գնելիս եկամտային հարկի վերադարձի դրույթի կիրառում։ Այժմ Երևանում այդ դրույթի կիրարկումը չեղարկված է․

«Օրենքի ընդունման պահից ի վեր հիպոթեկային պորտֆելը զգալիորեն ավելացել էր 2024–ին․ 37,4 տոկոսով էր ավելացել՝ գերազանցելով 2,9 մլդ դոլարը։ Վարկավորման ամենամեծ և ամենաարագ սեգմենտն է մնացել»։

Հայաստանի հիպոթեկային շուկայի գերտաքացմանը Կենտրոնական բանկը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է․ «2025 թ․ աճը հիպոթեկային վարկավորման աճը ապրիլին, տարեվերջի համեմատ, 2,8 տոկոս է կազմել։ Սա նորմալ է։ Հունվար-փետրվարին շատ ավելի թույլ պետք է լիներ։ Մարտ-ապրիլին որոշակի ակտիվություն էր․ ունենք որոշակի աճ, ինչը նորմալ է»։  

Գնանկումը նկատելի էր տարեսկզբից։ Այդ միտումի շարունակականության դեպքում որոշակի հավասարակշռություն ակնկալվում է։ Շուկայի գերտաքացման ռիսկեր չկան՝ արձանագրում են մասնագետները։ Երևանում շինարարական ակտերի տրամադրման ու կառուցապատման թույլտվությունների քանակը դեռ մեծ է․

«Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ 2024 թ․ չորրորդ եռամսյակում տրամադրվել է 441 նախագծման թույլտվություն, 1․221 շինթույլտվություն։ Ավարտական ակտերը 401-ն են։ Նկատելի է, որ սրանց քանակը նախագծման ու շինարարական ակտերի տրամադրման քանակից ավելի փոքր է»։

Անշարժ գույքի շուկան ուղիղ գծով կապված է նաև շինարարության ոլորտի հետ։ 2025 թ. մայիսին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է ավելի քան 49 մլրդ դրամ։ Երկնիշ աճը ոլորտում պահպանվում է։ Շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքին առնչվող գործունեությանը՝ (61,6%), տրանսպորտին՝ (11,8%), կրթությանը՝ (6,7%):

Leave a Comment