
«666, սատանայի թիվ, Նեռ: Մի վախեցեք և խուճապի մի մատնվեք»,- ասում է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ բացատրելով, թե ինչ է նշանակում այս արտահայտությունները Սուրբ գրքում և եկեղեցու հայրերի գրվածքներում.
«Ըստ Ավետարանի, Տիրոջ երկրորդ գալստից առաջ աշխարհ պետք է գա Նեռը՝ հակաքրիստոսը կամ դերաքրիստոսը։ Ընդհանրապես, Սուրբ գրքում Նեռ արտահայտությունը կիրառվում է երկու իմաստով՝ առաջին, ընդհանրապես այս անունն է տրվում Քրիստոսի բոլոր հակառակորդներին, քրիստոնյաներին հալածողներին, երկրորդ՝ այս անունն է կիրառվում Քրիստոսի այն հակառակորդի դեպքում, որ աշխարհ պետք է գա նախքան աշխարհի վախճանը։ Պողոս առաքյալը նրան անվանում է «անօրենության» մարդ։
Եկեղեցական որոշ հայրեր և մատենագիրներ, հիմնվելով Հայտնության գրքի գազանի թվի՝ 666-ի հունարեն անվանական համարժեքի վրա, այն նույնացնում են Ներոն կայսեր հետ, որ դաժանաբար հալածում էր քրիստոնյաներին։
Գրիգոր Տաթևացին Նեռի թվային հայերեն համարժեքը մեկնաբանում է այսպես՝ «ուրանամ կամավ զարարիչն», այսինքն՝ ուրանում եմ կամովին Արարչին։
Աստվածաշնչում էլ կա 666-րդ էջը, որը, բնականաբար, չենք պատռում։ Հետևաբար, ոչ թե պետք է վախենալ թվերից, այլ Տիրոջը կամավոր ուրանալուց»։