Կլիմայից տուժած քաղաքացիները պետք է օրենքով պաշտպանված լինեն․ Լոռիում և Տավուշում փոխհատուցում են ակնկալում

Մայիս-հունիս ամիսները բարեբեր չէին Լոռու և Տավուշի այգետերերի համար։ Լոռիում հիմնականում ցորենի արտերը, Տավուշում էլ մրգատու այգիները մեծապես տուժել են ուժգին կարկտից։ Մինչ տեղի իշխանություններն ու տուժած բնակիչները պետությունից փոխհատուցում են ակնկալում, բնապահպաններն ընդգծում են կլիմայի փոփոխությունների հետևանքով տուժած քաղաքացիների պաշտպանության օրենսդրական մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը։

Լոռու մարզի Մեծ Այրումի բնակիչ Գրիգորի Ղազարյանը նռան այգու նկարներն է ցույց տալիս հեռախոսով․

«Էս անցած տարվա բերքն է, 2 տոննա նուռ ենք ծախել, տեսնում ես՝ ինչ բերք է։ Էս տարի էլ չի լինելու, վսյո, պրծավ»։

Եղբայրը՝ Արայիկ Ղազարյանն է միանում զրույցին։ Սրտնեղում՝ ամեն տարի ծախս են անում, չարչարվում, հողի հետ կռիվ տալիս, բայց կարկուտը սրբում-տանում է բերքը։

«Գիտեք, թե թունաքիմիկատները ինչ գներ են, առնում ենք, բերում, սրսկում։ Տարեկան 200-300000 դրամ հողի հարկ ենք տալիս։ Ցորեն ունեինք, վարի գնաց, ամեն ինչ էլ ունեինք։ Ոչ մեկն էլ չի ուզում ոչ մի բան անի։ Գյուղատնտեսությունը անկում է ապրում արդեն»։

Առաջին ուժգին կարկուտը Լոռիում մայիսի 13-ին էր՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է մարզպետարանի գյուղվարչության պետ Արուս Թումանյանը։ Մեծ վնաս են կրել հատկապես Գյուլագարակի և Թումանյանի շրջանները։ Գնահատված վնասի թվերը կառավարություն են ուղարկել ու պատասխանի են սպասում։

Արուս Թումանյան․ «Ամրակիցում կարկուտը 80-100%-ով վնասել է հացահատիկային մշակաբույսերը, Շնողում այգիների մեծ մասը վնասված է։ Հունիսի 13-14-ին կարկուտ է եկել Սպիտակում, Մեծ Պարնի, Հարթագյուղ գյուղերում, Բերդում, Ալավերդի, Ախթալա բնակավայրերում է շատ վնասներ հասցրել, նաև Մեծ Այրումին է մեծ վնաս հասցրել»։

Մարզպետարանի աշխատակցի գնահատմամբ՝ հակակարկտային կայանները ոչ միշտ են արդյունավետ։ Որոշ համայնքներում էլ դրանց թիվը բավարար չէ։

Վերջին անգամ ապահովագրական հատուցումներ 2019-ին են եղել, մարզում ցանված հացահատիկն այժմ ապահովագրության տակ չէ, փոխարենը, ըստ Արուս Թումանյանի՝ «Ծրագիր ունենք, որ հակակարկտային ցանցերի համար պետությունը որոշակի փոխհատուցում է տալիս, սակայն դա նախատեսված է միայն ժամանակակից այգիների համար»։

Կարկտի հասցրած վնասը մեղմելու նպատակով Լոռիում իրականացվում է բուսաբուծության օժանդակության պետական ծրագիր։ 2025-ից այն կգործի նաև աշնանացանի համար․ ըստ այդմ՝ պետությունը 50%-ի չափով հատուցում է 1 հեկտարի վրա արված ծախսը։ 2024-ին ծրագրից օգտվել է 1000-ից ավելի գյուղատնտես, 2025-ին ևս ակտիվություն է նկատվում։

Լոռիում ու Տավուշում հունիսն էլ պակաս աղետաբեր չէր։ Տավուշում հատկապես Նոյեմբերյանի այգիներն ու ցանքերն են տուժել։ Բերդավանում էլ այլևս բերքի ակնկալիք չունենք՝ «Ռադիոլուր»-ին ասում է

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը․

«Բերդավան համայնքն է տուժել՝ թե տանիքները, թե այգիները, թե մեքենաները, Լճկաձոր, Այրում, Կողբ համայնքները, Նոյեմբերյանը։ Նոյեմբերյանում հիմնականում մեքենաներ, այգիներ, իսկ Լճկաձոր-Այրումում՝ ցանքատարածությունները։ Բագրատաշեն, Արճիս համայնքներն էլ են տուժել, հիմնականում՝ կառալյոկ, նուռ։ Վնասն անհնար է հաշվարկել։ Միայն Բերդավանում 223 մեքենա է վնասվել,459 տանիք, 627 հողամաս, մի 14 ջերմոց, Կողբում՝ 121, Նոյեմբերյանում՝ 88 մեքենա է վնասվել։ Ակնկալում ենք, որ ինչ-որ աջակցություն պիտի լինի»։

Աղաբաբյանն այս համատեքստում ընդգծում է գյուղապահովագրության մշակույթի բացակայության ու հակակարկտային կայանների սակավության խնդիրները։ Հաշվարկված մոտեցում է պետք՝ ասում է․

«Մի քանի օր առաջ Կոթիում ենք տեղադրել համայնքի միջոցներով, 1 տարի առաջ՝ Արճիսի համար, բայց պրոֆեսիոնալ մոտեցում է պետք՝ ըստ տարածքի, հեկտարների բաշխվածության, որ իմանանք՝ 1 հակակարկտայինը ինչ տարածք կարող է փակել, բնականաբար, չեն օգնել հակակարկտայինները»։

2024-ին ջրհեղեղից, 2025-ին էլ ուժգին կարկտից Լոռու և Տավուշի այգետեր-գյուղատնտեսները մեծ վնասներ կրեցին։ Միջազգային պրակտիկայում կլիմայից տուժած քաղաքացիները պաշտպանված են օրենքով, ինչը մեզանում դեռ կարգավորված չէ։ Ամեն տարի ականատես ենք լինում բնական աղետների, մարդիկ վնաս են կրում ու, որպես կանոն, մնում միայնակ իրենց վնասի հետ՝ ասում է բնապահպան-իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ Ելքը օրենսդրական  պաշտպանության երաշխիքներ ստեղծելն է, ինչին պետք է հետամուտ լինեն նաև համայնքները՝ ասում է Դուլգարյանը։  

«Եթե լիներ կլիմայական փոփոխություններից տուժած քաղաքացիների կարգավիճակ և  տեղական կլիմայական քաղաքականություն, որում լինեին պարտավորություններ, թե ինչ են պարտավոր անել տեղական իշխանությունները, որ, օրինակ, դիմագրավեն կարկտին կամ այլ աղետների,  եթե լինեին օրենք և քաղաքականություն, որոնք իրականացված չլինեին, քաղաքացին կարող էր դիմել դատարան և ասել՝ տեղական իշխանությունը պարտավորություն ուներ 5 տարում աշխատանք տանելու, որ ես կլիմայից չտուժեմ, և կլիմայից տուժած քաղաքացիների պաշտպանության օրենքի շրջանակում փորձեր ստանալ փոխհատուցում, իսկ այս դեպքում ամեն ինչ թողնված է կառավարության բարի կամքին»։

2024-ի ջրհեղեղը ցույց տվեց, որ թեև բոլոր համայնքներն ունեն քաղպաշտպանության պլաններ, սակայն դրանք որոշ դեպքերում ձևական են։ Մինչդեռ կլիմայի հարմարվողականության քաղաքականությունը, որը, ի դեպ, ունի Հայաստանը, կարող է ներառել խելացի գյուղատնտեսությանը անցում կատարելու ռազմավարություն, ինչը ենթադրում է ավելի փոքր մակերեսների վրա կարկտապաշտպան ցանցերի ներքո հիմնել ջերմոցներ կամ ինտենսիվ այգիներ։

Փորձագետը կարևորում  է, որ ՏԻՄ-երի համար մշակվող ծրագրերում հաշվի առնվեն կլիմայական փոփոխությունները, ու բյուջեներն ըստ այդմ կազմվեն, որպեսզի եղանակային տհաճ անակնկալներին առավել պատրաստ լինեն թե ՏԻՄ-երը, թե գյուղացիները։ 

Leave a Comment