Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստանյան իրադարձություններին վերաբերող գնահատականները չեն համապատասխանում իրականությանը՝ մեկնաբանելով «Հայ Եկեղեցի-իշխանություն հակամարտության» վերաբերյալ Լավրովի հայտարարությունը, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Կրկին պետք է նշեմ, որ նրա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։
Այն, ինչ պարոն Լավրովը, հավանաբար, նկատի ունի, վերաբերում է եկեղեցական որոշ հոգևորականների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու, և՝ համաձայն մեր իրավապահ մարմինների, այդ մասնակցությունն իրավական դաշտից դուրս իրականացնելու ցանկությանը՝ մասնավորապես ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ դրանք նախաձեռնելու վերաբերյալ։
Պարոն Լավրովն, ավելի լավ է, չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ներքին քաղաքականությանը»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրատվամիջոցների հետ զրույցում մտահոգություն էր հայտնել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցողի վերաբերյալ: