
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման կուրսն արդեն իսկ վնաս է հասցնում հանրապետության տնտեսությանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին զգալի տնտեսական աճի է բերել. մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականի 3850 դոլարից աճել է մինչև ավելի քան 8500 դոլար՝ 2024 թվականին։ ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը հասել է 12,7 միլիարդ դոլարի, մինչդեռ ԵՄ-ի հետ՝ ընդամենը 2,3 միլիարդ դոլարի։ «Հայաստանի տնտեսական հաջողությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության մոդելի առավելությունների ցուցադրումն է», – ընդգծել է Օվերչուկը։
Սակայն, Երևանն այժմ ակտիվորեն քննարկում է Եվրամիության հետ մերձեցման հարցը։ Օվերչուկի խոսքով՝ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել. 2024 թվականին առևտրաշրջանառությունը նվազել է 2 միլիարդ դոլարով, իսկ 2025 թվականին կորուստները կարող են հասնել 6 միլիարդ դոլարի։ 26 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար սա նշանակում է 23% կորուստ։ «Եվ սա հայկական քննարկմանը դեռևս միայն ռուսական բիզնեսի արձագանքն է», – նշել է փոխվարչապետը։