«Որպես ՍԴ դատավորի թեկնածու՝ կաշկանդված եմ դիրքորոշում հայտնել»․ Արտակ Զեյնալյանը՝ Փաշինյանի կողմից ՍԴ-ն շրջափակելու կոչի մասին

«2019 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի կոչով ՍԴ դատարանի շրջափակումը որքանո՞վ էր իրավական, բարոյական եւ քաղաքական»,- ԱԺ նիստում ՍԴ դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը նաեւ բարձրաձայնեց այն հարցը, որ ՍԴ դատավորի թեկնածուն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել։

Արտակ Զեյնալյանն ի պատասխան ասաց․ «Ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ՝ մինչեւ կտայի իմ համաձայնությունը ՍԴ դատավորի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար։ Նաեւ իմ ավագանու մանդատն եմ վայր դրել։ Իմ կենսագրությունն առավելապես իրավապաշտպան անձի կենսագրություն է, քան քաղաքական գործչի։ Եթե իմ կենսագրությունը կարդացել եք, կարծում եմ՝ եզրահանգում եք արել, որ ՀՀ պատմության մեջ ամենաշատ ՍԴ դիմած փաստաբանն եմ։ Այդ բոլոր գործերով սպառել եմ ներպետական պաշտպանության միջոցները, գործերի գերակշռող մեծամասնությամբ դիմել եմ ՄԻԵԴ։ Այսինքն՝ անկախ իշխանության ով լինելուց, ես ունենում եմ տարակարծություն եւ այդ վեճը հասցնում եմ ՍԴ լուծմանը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ շենքը շրջապատելու հարցին՝ Զեյնալյանն ասաց․ «Այդ դեպքը եւ միջադեպը ՄԻԵԴ-ում ներկայացված է որպես փաստարկ՝ որոշակի իրավունքի խախտման փաստի ճանաչման համար։ Եվ ես՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, կաշկանդված եմ ՍԴ վարքագծի կանոններով։ Եվ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք չունեմ»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment