Իրանա-իսրայելական ռազմական սրացումը «սրբագրում» է Ադրբեջանի ցանկությունները

Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագրի» շուրջ երկար բանակցությունների և գործընթացի ձգձգումներին զուգահեռ՝ Բաքուն «գաղտնազերծում» է իրական մտադրությունները։ Իսրայելից Իրանի հրթիռակոծման երկրորդ օրը Ադրբեջանի նախագահի օգնականն ուշագրավ հայտարարություններ է արել Պրահայում՝ Glօbsec2025 միջազգային համաժողովի շրջանակում։ Նրանից առաջ նույն հարթակում տարածաշրջանային խաղաղության մասին խոսել ու Երևանի առաջարկներն էր ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իրանա-իսրայելական ռազմական հակամարտության երկրորդ օրը Բաքուն բացահայտեց տարածաշրջանային իրական ձգտումները։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դրանց մասին խոսեց Պրահայում Glօbsec2025 միջազգային համաժողովի հարթակից՝ թարմացնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հաջիևի հայտարարությունները պատահական չի համարում։

«Այնքան անհամբեր է Ադրբեջանը մեզանից օտարելու Սյունիքի ճանապարհները, որ նույնիսկ չի սպասում, թե ինչ զարգացումներ կլինեն Իրանում։ Մենք շատ ենք խոսել այն մասին, և ոչ միայն մենք, որ Ադրբեջանը կփորձի օգտվել պահից։ Իրանը զբաղված է, Իրանին փորձում են թուլացնել, Իրանի ուշադրությունը շեղված է։ Պարզ է, որ այս պահին միգուցե չհամարձակվեն ուժային ինչ-որ քայլեր անել մեր դեմ, Հայաստանի հարավում մեզանից օտարելու Սյունիքի ճանապարհները, բայց եթե պատերազմական գործողությունները Իրանի դեմ շարունակվեն , ամեն ինչ կարող է լինել։ Պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»։

Մինչդեռ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը կարծում է, որ նման ընթացքի համար միջազգային կոնսենսուս չկա։ Նրա գնահատմամբ՝ «Զարգեզուրի միջանցք» կոչվածը «կարմիր գիծ» է ոչ միայն Իրանի, այլ նաև ուրիշ երկրների համար։ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Իրան-Իսրայել առճակատումը հերքում է այն պնդումը, թե տարածաշրջանում կա՛մ ՌԴ-ն է, կա՛մ Թուրքիան։ Ըստ Սարգսյանի՝ փաստ է, որ տարածաշրջանում գերակայողն այս փուլում ԱՄՆ ազդեցությունն է, որի համար Սյունիքի միջանցքը կարմիր գիծ է։  

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը երեսպաշտություն է համարում Հաջիևի կես կատակ-կես լուրջ արած այն հայտարարությունը, թե ամբողջ Ադրբեջանն է «միջանցք-անցուղի»։ Վերլուծաբանի կարծիքով՝ սա երեսպաշտություն է Երևանի՝ մշտապես արտահայտած այն դիրքորոշման ֆոնին, թե ապաշրջափակումը հենց վաղը կարող է իրականություն դառնալ երկրների ինքնիշխանության սկզբունքի հիման վրա: Եթե Ադրբեջանին հետաքրքրեր միայն Նախիջևանի հետ կապ ունենալու հարցը, ապա Բաքուն վաղուց արձագանքած կլիներ Երևանի դիրքորոշմանը՝ կարծում է Բադալյանը։ Մինչդեռ Հայաստանի ԱԽ քարտուղարը հաստատել է, որ Բաքուն որևէ կերպ չի արձագանքել Երևանի առաջարկներին:

Քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանն էլ կարծում է, որ Իսրայել-Իրան հարաբերությունների սրման համատեքստում Ադրբեջանի հայտարարություններն այլ «կարգավիճակ» են ստանում և արդեն պարզապես սովորական հայտարարություն չեն։

«Քանի դեռ այս պահի դրությամբ մենք ունենք մի իրավիճակ, երբ Իրանը իր բոլոր դժվարություններով հանդերձ իր սուբյեկտայնությունը պահպանում է և կարողանում է հակահարված տալ իր նկատմամբ ոտնձգություն կատարած երկրին այն աստիճան, որ շարունակում է մնալ միջազգային կարևոր «խաղացող» այս տարածաշրջանում և աշխարհում, այս գործոնների համադրությամբ նման ռիսկը, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքի»՝ ուժով բացումը ինձ  թվում է ավելի քիչ հավանական գոնե առժամանակ։ Կարծում եմ, պրոցեսները կլինեն վերահսկողության սահմաններում։ Իրանի շուրջ հակամարտությանը տարածաշրջանային ավելի մեծ ընդգրկում չտալու նկատառումից ելնելով՝ հիմնական «խաղացող» երկրները, առաջին հերթին ԱՄՆ-ն, կարծում եմ, զսպող դեր կկատարի և կփորձի նվազագույնի հասցնել այդպիսի ռիսկերը»։  

Ադրբեջանի՝ առիթից օգտվելու փորձերից Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նաև այլ ազդակների վրա է ուշադրություն հրավիրում։ Մասնավորապես ուշագրավ է համարում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որը տեղի ունեցավ հունիսի 14-ին։

«Տեղեկությունը, որ Ադրբեջանը Իսրայելին հետախուզական ինֆորմացիա էր տալիս,  լրատվական դաշտում պտտվում էր, բայց կար նաև մտահոգիչ այլ ինֆորմացիա, որ նաև Ադրբեջանի օդն է  օգտագործվել  Իրանի օբյեկտները ռմբակոծելու համար։ Սրա ոչ ուղղակի ապացույցը մենք ստացանք Բայրամով-Արաղչի հեռախոսազրույցից։ Այն նվիրված էր միայն մեկ բանի, որ Ադրբեջանի տարածքը՝ և՛ ցամաքային, և՛ օդային, չօգտագործվի երրորդ պետությունների կողմից Իրանին հարված հասցնելու համար»։  

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայ-իրանական սահմանին զորքի կուտակումների մասին մտահոգություններ չի հայտնել։ Հայտարարել է, որ խնդիրներ տեսնելու դեպքում ՊՆ-ն կտեղեկացնի։

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը Եվրոպայի կենտրոնից՝ Պրահայից ուղարկված ազդակներին, ապա Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին հայտարարություններին զուգահեռ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ վերլուծաբան Գոռ Աբրահամյանի, եվրոպացիների համար ավելի հասկանալի և ընկալելի ծրագրերի մասին է խոսել։

«Այո, նորացվող աշխարհում Հայաստանի ադապտացումն է և հատկապես կշռի ձեռքբերումը տնտեսական, լոկացիոն, հաղորդակցային իմաստով և այս իմաստով կարծում եմ, որ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը որպես քաղաքական-տնտեսական նախագիծ, պետք է հնարավորինս առարկայական տեսք ստանա, առաջարկությունների տեսք ստանա և ներկայացվի շահագրգիռ կողմերին որպես կոնկրետ ներդրումային նախագիծ»։

Ի դեպ, հունական To Vima օրաթերթն անդրադարձել է Հայաստանի խաղաղության օրակարգին և գրել, որ «Հայաստանի խաղաղ նախաձեռնությունը լակմուսի թուղթ է Հարավային Կովկասի ապագա դիվանագիտության, ժողովրդավարության և կայունության համար. տարածաշրջան, որը հաճախ անտեսվում է, բայց կարող է որոշիչ նշանակություն ունենալ Եվրոպայի ռազմավարական հետաքրքրությունների համար»։

Թերթի գնահատմամբ՝ Հայաստանն իր առաջարկով համարձակ խաղադրույք է կատարել. դիվանագիտությունը կարող է հաջողության հասնել այնտեղ, որտեղ պատերազմը ձախողվել է, և պատմական դժգոհությունները կարող են իրենց տեղը զիջել համակեցության ապագային։ «Սա միամիտ տեսլական չէ, սա ռազմավարական անհրաժեշտություն է»,-պարզաբանել է հոդվածի հեղինակը։

Leave a Comment