3 հանգամանք՝ ընտրելու ՀՀ-ն․ միկրոպրոցեսորների համաշխարհային մատակարար AMD-ն նպատակ ունի ընդլայնվել այստեղ

 Էլեկտրոնային իրերի համաշխարհային արտադրությունը կախված է փոքրիկ կանաչ միկրոսխեմաների առկայությունից։ Դրանց նախագծման գործում իր մասնակցությունն ունի նաև Հայաստանը։ Միկրոսխեմաների թողարկմամբ զբաղվող ամերիկյան AMD կորպորացիան դիտարկում է հայաստանյան իր մասնաճյուղն ընդլայնելու հնարավորությունը։

Գերթանկարժեք բյուրեղներ՝ շարված կանաչ տպասալիկի վրա․ խոսքը մեր օրերի «ոսկին» դարձած միկրոսխեմայի մասին է։ Առանց այդ «չիպերի» չեն գործի սմարթֆոններն ու էլեկտրամոբիլները։ Կիսահաղորդիչ սարքերի ու միկրոսխեմաների համաշխարհային արտադրության մեծ մասը Թայվանում է, Չինաստանում և Մալայզիայում։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի կենտրոնի ղեկավար Միքայել Ալեքսանյանը հիշեցնում է՝ Հայաստանը մասնակցում է դրանց նախագծմանը։

«Աշխարհում մատների վրա հաշված երկրներում կա չիպերի արտադրություն։ Դա բավականին թանկ հաճույք է և նաև ՝քաղաքականություն։ Բայց Հայաստանում գործում է կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն, և այդ ուղղությամբ ունենք բավական մեծ փորձ։ Ունենք, օրինակ, չիպերի նախագծում, արտադրություն, մոդելավորում։ Տարեկան միջին հաշվով 15 ուսանող է տալիս մեր ամբիոնը։ Մեր մասնագետները կարողանում են հաջողությամբ աշխատանք գտնել և՛ «Սինոփսիս Արմենիայում», և՛ «Կրիպսում», և՛ չիպերի նախագծման ոլորտում աշխատանքներ ծավալող տարբեր ընկերություններում»։

ԵՊՀ պրոֆեսորի թվարկած ընկերություններից զատ՝ 2019թ.-ից Հայաստանում մասնաճյուղ ունի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող AMD ընկերությունը։ Ամերիկյան կորպորացիան համաշխարհային շուկային մատակարարում է հատուկ կառուցվածքով միկրոպրոցեսորների 20%-ը և դիկրետ գրաֆիկական մշակման հանգույցների 40%-ը։

AMD-ի փոխնախագահ Դեն Գիբբոնսը «Ռադիոլուրին» պատմում է՝ ծրագրային ապահովման  գործում Հայաստանից ներգրավված է 100 աշխատակից։

«Հայաստանն ընտրել ենք 3 հանգամանքից ելնելով։ Առաջինը  համակարգչային գիտության, մաթեմատիկայի, ալգորիթմների ոլորտում բարձր կրթություն ունեցող տաղանդներն են։ Երկրորդ՝ այլ համաշխարհային ընկերություններ այստեղ  արդեն ներկա էին, ուստի վստահ էինք, որ կհաջողենք։ Եվ երրորդ՝մենք փնտրում էինք պակաս ծախսատար տարածաշրջան, քանի որ ԱՄՆի Սիլիկոնային հովտում գործելը խիստ ծախսատար է»։

Դեն Գիբբոնսն այցելել է Երևանի պետական  և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների լաբորատորիաներ, ծանոթացել ոլորտին առնչվող ուսումնական ծրագրերին։ Տեսածն ու արձանագրածը հիմք ընդունելով՝ ավելի վստահորեն է խոսում առաջիկա ծրագրերի մասին։

«AMD-ն շատ մեծ ընկերություն է՝ հիմնված մի քանի բիզնեսստորաբաժանումների վրա: Հայկական թիմը ծրագրային ապահովումների ստորաբաժանման շատ կարևոր մասն է։ Մենք կցանկանայինք  ավելի  ընդլայնվել այստեղ։ Տպավորված եմ Հայաստանում տաղանդների առկայությամբ։ Մեզ համար կարևոր է և խթանել համալսարաններում մեր տեխնոլոգիայի կիրառումը,  և ուսանողների մասնագիտացմանն աջակցել, քանի որ վաղը հենց նրանք կարող են դառնալ մեր աշխատանքային թիմի մասը»։

Մայր բուհի կիսահաղորդչային սարքերի կենտրոնի ղեկավարը հաստատում է՝ միկրոսխեմաների նախագծմամբ զբաղվող համաշխարհային ընկերությունների համար հայաստանյան աշխատաշուկան շարունակում է գրավիչ մնալ։

«Այստեղ միջին աշխատավարձը շատ բարձր չի համարվում, մյուս կողմից էլ ավանդաբար մենք բավականին լավ մասնագետներ ենք ունենում։  Այս երկուսը միասին  արդեն լավ նախադրյալ են։ Օտարերկրյա ընկերություններն այստեղ մասնաճյուղեր բացելով շահած են դուրս գալիս․ «թոփ աշխատավարձ» չեն տալիս, բայց  վերցնում են լավ մասնագետների։ Սա փոխշահավետ է․ իրենց այդ ոչ «թոփ աշխատավարձը» Հայաստանում համարվում է բավական բարձր՝  ի համեմատություն մյուս ոլորտների»։

Բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային կազմակերպությունների ներկայությունը, ըստ Միքայել Ալեքսանյանի, օգնում է կանխել Հայաստանից «տաղանդների արտահոսքը»։ Ասում է՝ որպեսզի մասնագետներն իսկապես տաղանդավոր համարվեն, պրակտիկ փորձից զատ պետք է նաև գիտությամբ զբաղվեն։

Զրուցակիցս հույս ունի, որ կրթական գերատեսչության  և արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերի միջոցով  հնարավոր կլինի IT ոլորտում աշխատող մասնագետներին պահել նաև ոչ այնքան եկամտաբեր համարվող գիտության ոլորտում։

Leave a Comment