Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հաջորդ դատական նիստում կողմերը հանդես են գալու եզրափակիչ ելույթով։ Այս մասին «Առավոտին» ասաց Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Հուլիսի 29-ին՝ ժամը 16։00-ին նշանակված է դատական հաջորդ նիստը, այդ օրը մեղադրական կողմը հանդես եկա եզրափակիչ ելույթով, իսկ հաջորդ նիստին՝ պաշտպանական կողմը հանդես կգա»,- տեղեկացրեց փաստաբանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս գործի քննությունը, Րաֆֆի Ասլանյանն ասաց․ «Անհարկի ձգձգվեց տարիներով, բայց մնացածը եզրափակիչ ելույթներից ու դատարանի վերդիկտից հետո կքննարկենք»։
Այսօր տեղի է ունեցել այս գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ պաշտպանական կողմը հերթական անգամ միջնորդություն է ներկայացրել կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Րաֆֆի Ասլանյանի խոսքով՝ արդեն երրորդ անգամ դատարանը կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժել է։
Նշենք, որ պաշտպանական կողմը՝ այս գործով մեղադրյալ ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի փաստաբաններն այսօր «Առավոտին» արգելել են ուղիղ հեռարձակել դատական նիստը, ինչպես նաեւ լուսանկարներ անել նիստի ընթացքում։ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը չէր մասնակցում այսօրվա նիստին՝ առողջական խնդիրների պատճառով։ Հարցին, թե իրավաչա՞փ է ուղիղ հեռարձակումն արգելելու որոշումը, Րաֆիի Ասլանյանը պատասխանեց․ «Եթե մեղադրյալը համաձայն չէ, տեսանկարահանումն արգելվում, դա օրենքի հստակ պահանջ է։ Բայց մեղադրյալը չի կարող մի օր համաձայնել, մեկ ուրիշ օր չհամաձայնել։ FactorTV-ին գալիս է, մեղադրյալն ասում է՝ համաձայն եմ, «Ազատությունն» ու «Առավոտը» եկան, ասաց՝ համաձայն չեմ։ Երբ ինքն ասաց՝ համաձայն եմ, ես դատավորին ասացի՝ սրանից հետո բոլորին պետք է թույլ տաք։ Դատարանը համաձայնեց, դրանից հետո թույլ էր տալիս։ Բայց այսօր նորից նույն խնդիրն է առաջացել, ուղղակի ես տեղում չեմ եղել, որպեսզի միջամտեի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: